ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Թուրքիայի առեւտրային արտոնությունների չեղարկման մասին կարող է հանգեցնել ԱՄՆ բիզնեսի համար բացասական հետեւանքների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանը, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով թուրք նախարարի Twitter-յան գրառումը:
«Ցավոք, այս որոշումը հակասում է 75 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության մակարդակի հասնելու մեր ընդհանուր նպատակին: Այն բացասաբար կանդրադառնա ամերիկյան փոքր եւ միջին բիզնեսի վրա, ինչպես նաեւ նրա արտադրողների»,- նշել է Փեքջանը:
Նա շեշտել է, որ Թուրքիան բոլոր երկրների թվում ԱՄՆ արտահանման ծավալով (1,74 մլրդ դոլար կամ 8,2 տոկոս) 5-րդ տեղում էր:
Ընդ որում՝ նշվում է, որ ԱՄՆ-ից Թուրքիա ներմուծումը 2018 թվականի 11 ամսում կազմել է 20,9 մլրդ դոլար:
Նախարարը երկկողմ առեւտրային հարաբերությունների եւ ԱՄՆ-ն որպես ռազմավարական գործընկեր պահպանելու հույս է հայտնել:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել էին ԱՄՆ Արտոնությունների գլխավոր համակարգի շրջանակում Թուրքիային եւ Հնդկաստանին առեւտրային արտոնություններից զրկելու Թրամփի մտադրության մասին:




























