Քաղաքագետ, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի՝ մարտի 5–ին Բրյուսելում կայացած հարցուպատասխանից մի դրվագի և մի քանի հարց բարձրացրել։

«Փոքրիկ դրվագ Բրյուսելում կայացած Փաշինյան-Յունկեր բանակցություններին հաջորդած Փաշինյան-Յոհաննես Հան հարցուպատասխանից.

ՀՀ վարչապետ - «… հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»:

Հան - «… կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք»:

Ի՞նչ է ստացվում.

1. Ւրոք չե՞նք հասկանում նոր ձևաչափ ստեղծելու և եղած ձևաչափը լիարժեք դարձնելու տարբերությունը:

2. Իսկ հնարավո՞ր է տարբերակ՝ հասկանում ենք տարբերությունը, բայց անգլերեն արտահայտվելուց կորցնում ենք իմաստը: Էս դեպքում հարց՝ ինչու՞ անգլերեն:

3. Հանի պատասխանից ստացվում էր, որ ինքը չհասկացա՞վ միտքը (իհարկե, հարց է՝ հատկապես ո՞ր միտքը), դե՞մ էր մտքին, թե՞ դեմ էր այդ թվացյալ նոր իդեայի այս ձևաչափով հանրայնացմանը: Իսկ միգուցե ակնկալում էր, որ մինչև հանրայնացումը պիտի կոնսուլտացիանե՞ր արվեին, եթե, իհարկե, չեն արվել:

Հ.Գ. Իսկ տպավորություն էր, որ «խոսելու եմ նրանց անունից, ով ինձ մանդատ տվել է խոսելու, իսկ ով չի տվել՝ չեմ խոսի» բանաձևը (նույն ինքը՝ «չենք կարող բանակցել Ղարաբաղի անունից» բանաձևը) ամենաընկալելին պիտի լիներ հենց եվրոպական կողմի համար…»,– գրել է քաղաքագետը։