Պերուում հնագետները հնդկացիների հնագույն քաղաքներից մեկում հայտնաբերել են զանգվածային զոհաբերությունների հետքեր, որի ընթացքում զոհաբերվել են ավելի քան 140 հատուկ պատրաստված երեխա եւ երկու հարյուր լամա։ Գտածոների լուսանկարները եւ այս ծեսի հնարավոր նշանակությունը ներկայացվել են PLoS One ամսագրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այս գտածոն  անսպասելի էր մեզ համար։ Մենք երբեք մինչ այդ նման բան չէինք տեսել, եւ անգամ էթնոպատմական ակնարկ չի եղել, որ Պերուի հյուսիսային ափին իրականացվել են այսպիսի ծավալի ծեսեր։ Մենք նոր էջ բացեցինք երեխաների զոհաբերության պատմության մեջ»,- ասել է Ջոն Վերանոն Նոր Օռլեանի (ԱՄՆ) Թուլեյնի համալսարանից։

Հնդկացիական շատ ժողովուրդներ, ինչպես վկայում են կոնկիստադորների ժամանակագրությունները եւ Նոր աշխարհի բնիկների առասպելները, մարդկային եւ կենդանական զոհաբերությունների ավանդույթներ են ունեցել։ Օրինակ, ացտեկները կազմակերպում էին այսպես կոչված «ծաղկե պատերազմներ»՝ ռազմական խաղեր թշնամական թիմերի միջեւ, եւ պարտվողներին զոհաբերում էին։

Նման ավանդույթներ են ունեցել նաեւ ինկերն ու Հարավային Ամերիկայի մյուս պետությունները։ Արեւին զոհաբերված երեխաների տասնյակ մումիաներ են գտնվել վերջին կես դարում Չիլիի եւ Պերուի լեռնային շրջաններում։

Նրանց մնացորդների հետազոտությունը ցույց է տվել, որ «թագավորական ընծաները» լավ են սնվել, կյանքի վերջին տարում գտնվել են թմրանյութերի մշտական ազդեցության տակ։ Մասնավորապես, գիտնականները հանրահայտ «սառցե արքայադստեր» մումիայի ներսում գտել են հետքերն այն բանի, որ մահվանից առաջ աղջիկը կոկա է ծամել, որի մնացորդները մնացել են նրա ատամների արանքում։

Վերանոն եւ նրա գործընկերները հայտնաբերել են ե՛ւ Հարավային Ամերիկայում, ե՛ւ ողջ աշխարհում ամենազանգվածային զոհաբերությունների հետքերը՝ ուսումնասիրելով այն առարկաները, որոնք թողել են չիմու հնդկացիների քաղաքակրթության ներկայացուցիչները Պերուի հյուսիսային ափին։

Այն ստեղծվել է մեր թվարկության մոտ 11-12-րդ դարերում եւ ժամանակի ընթացքում զբաղեցրել է Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափի  զգալի հատվածը՝ սկսած Էկվադորի հարավային շրջաններից, վերջացրած Պերուի ափի կենտրոնական հատվածներով։ Երկար ժամանակ նրանց պետությունը՝ Չիմորը, համարվել է ինկերի աճող կայսրության գլխավոր մրցակիցը, մինչեւ որ 1470 թվականին այն չի հնազանդեցրել Տուպակ Ինկա Յուպանկին՝ լեգենդար Ուայնա Կապակի հայրը։