Աշակերտների վերահաշվարկման գործընթացը հասել է Երեւանի դպրոցներ: Թերթը տեղեկացրել էր, որ Աբովյան եւ Հրազդան քաղաքների դպրոցներում աշակերտներից պահանջում են գնալ ոստիկանության բաժիններ եւ հաշվառվել:
Երեկվանից, ըստ «Հայկական ժամանակի», Երեւանի մի շարք դպրոցների տնօրեններ երեխաներից պահանջել են ծնողներից մեկի հետ գնալ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն, իրենց հետ ունենալով սոցիալական քարտ, ծնողի անձնագիրը եւ, որ ամենազարմանալին է, տան սեփականության վկայականը: Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը թերթի թղթակցին ասել է, որ դպրոցների տնօրինությունն իրականացնում է միայն նշված գործընթացի իրազեկումը, պատասխանատուն անձնագրերի եւ վիզաների վարչությունն է: Ոստիկանությունից ասել են, որ գործընթացը ՀՀ Տարածքային կառավարության նախաձեռնությունն է, եւ նպատակը երեխաներին հաշվառելն է: Այսինքն, ըստ պաշտոնական վարկածի, Հայաստանում աշակերտները հաշվառված չեն եւ անհրաժեշտութուն է առաջացել դրա համար հատուկ գործընթաց իրականացնել:



























