ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմի չեղարկումը թուրքական տնտեսության համար կարժենա 63 մլն դոլար, հայտարարել է առեւտրի նախարար Ռուխսար Փեքջանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«ԱՄՆ-ի հետ արտոնյալ առեւտրի ռեժիմի ավարտից հետո Թուրքիան ստիպված կլինի վճարել լրացուցիչ 63 մլն դոլար մաքս»,- Hurriyet թերթը մեջբերում է Փեքջանի խոսքերը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է չեղարկել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը: Այդ որոշումն ընդունվել էր «երկրի տնտեսական զարգացման մակարդակի հիման վրա», ասվում է ծանուցման մեջ, որը նա ուղարկել էր Կոնգրես: Թրամփի խոսքերով՝ վերջին 45 տարիներին, որոնց ընթացքում Թուրքիան ստանում է արտոնություններ սակագնային արտոնությունների համընդհանուր համակարգի (GSP) շրջանակներում, նրա տնտեսությունը զգալիորեն աճել է եւ դիվերսիֆիկացվել, բարձրացել է բնակչության եկամուտների մակարդակը, կրճատվել է աղքատությունը, աճել է արտահանումը ինչպես երկրներում, այնպես էլ տնտեսության տարբեր հատվածներում: