ԵՄ երեք երկրներ հայտնվել են ամենամաքուր օդով աշխարհի երկրների հնգյակի մեջ, փոխանցում է «Եվրապուլսը»: 

ԵՄ-ում ամենամաքուր օդով կարող է պարծենալ Ֆինլանդիան, աշխարհում նրանից առաջ է անցել միայն Իսլանդիան: Նրանցից բացի, հնգյակի մեջ են մտել Էստոնիան եւ Շվեդիան, ինչպես նաեւ Ավստրալիան:

Նման տվյալներ են ներկայացված միջազգային բնապահպանական կազմակերպություն Greenpeace-ի եւ AirVisual համակարգչային ծրագրեր մշակողի հետազոտության մեջ, որտեղ մտել են աշխարհի 73 երկիր:

Մասնագետները գնահատել են, թե PM 2.5 փոշու որքան միկրոմասնիկ է միջինը պարունակվում այս կամ այն երկրի քաղաքների օդում: Սա մարդու համար օդի աղտոտման ամենավտանգավոր տեսակներից մեկն է. անչափ փոքր չափի շնորհիվ (2,5 միկրոն տրամագծով, որը 24 անգամ փոքր է մարդու մազից) մասնիկները խորը թափանցում են շնչուղիներ, նստում թոքերի վրա եւ տարածվում ամբողջ օրգանիզմում: Սա առաջացնում է առողջական խնդիրներ՝ ալերգիայից մինչեւ ուռուցքային հիվանդություններ:

Օդի որակը ամենից վատթար է Բանգլադեշում, Պակիստանում եւ Հնդկաստանում: