CO2-ի կուտակումների հետագա աճը մթնոլորտում եւ համաշխարհային օվկիանոսում կվերացնի կյանքը Անտարկտիկայի ափերին՝ ջրի խորքային եւ մակերեսամերձ շերտերի խիստ թթվայնացման պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Nature Climate Change-ին։

Արդյունաբերական ձեռնարկությունների եւ ավտոմեքենաների արտանետած ամբողջ ածխաթթու գաղը չէ, որ հայտնվում է մթնոլորտում, դրա զգալի մասը լուծվում է համաշխարհային օվկիանոսի ջրերում եւ այնտեղ մնում շատ երկար ժամանակ։ Մի կողմից՝ օվկիանոսի այդ կարողությունն արգելակում է գլոբալ ջերմացումը, մյուս կողմից՝ դա խիստ բացասաբար է անդրադառնում ծովային էկոհամակարգի վրա։

Բանն այն է, որ CO2-ի կուտակումը ջրում հանգեցնում է դրա թթվայնության բարձրացման, ինչը խանգարում է հանքանյութերի կազմավորմանն ու գոյությանը, որոնցից կազմված են մարջանները, կակղամորթների խեցիները, ինչպես նաեւ տարբեր միաբջիջ օրգանիզմների զրահները։ Դրա հետեւանքով նրանք վերանում են, ինչն, իր հերթին, քայքայում է սննդի շղթաներն ու առաջ բերում ծովային ֆաունայի զանգվածային ոչնչացում։