Ռոբոտներն ու համակարգչային ալգորիթմերը զարգանում են մեծ արագությամբ, բայց դրանք ի զորու չեն այնպիսի հաճույք պատճառել շփման ժամանակ, ինչպես մարդիկ։ Համենայնդեպս, երբ զրուցակիցը հասկանում է, թե ով է իր առջեւ։ Նման եզրահանգման են եկել Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի եւ Էքս-Մարսելի համալսարանի մասնագետները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Գիտնականներն առաջին անգամ  ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ամրագրել են փորձի մասնագետների ուղեղի ակտիվությունը, որոնք երկխոսություն են վարել մարդ զրուցակցի կամ ռոբոտի հետ»,- ասվում է CNRS-ի հաղորդման մեջ։

21 մարդուց բաղկացած խումբը մեկական րոպե պետք է մի քանի անգամ հաղորդակցվեր ռոբոտի հետ։ Մասնակիցներին ցույց էին տալիս ձեւավոր կտրված մրգեր, որոնք հիշեցնում էին սուպերհերոսների դիմակներ։ Դրանից հետո նրանց խնդրում էին հայտնել իրենց կարծիքը, թե որքանով են նկարները համապատասխանում գովազդային արշավի համար։

Մարդ զրուցակցի հետ հաղորդակցվելիս խոսակցությունը տարվում էր ազատ, իսկ ռոբոտի հետ զրույցի ժամանակ գիտնականները որոշակի սահմանափակումներ էին նկատում։

«Մարդու հետ փոխգործակցության արդյունքները ցույց են տվել ուղեղի այն հատվածների ակտիվության աճ, որոնք պատասխանատու են հիշողությունների եւ սոցիալական մոտիվացիայի համար»,- ասվում է այս փորձին նվիրված գիտական հոդվածի ամփոփման մեջ։ CNRS-ը ընդգծում է, որ մարդու հետ հաղորդակցվելիս գործի են դրվել այսպես կոչված «սոցիալական ակտիվության համար պարգեւատրման կենտրոնները»։ Հետազոտողները նշում են, որ նման արդյունքի չի հաջողվել հասնել ռոբոտների հետ շփվող մասնակիցների պարագայում. այս դեպքերում ավելի շատ գործի են դրվել տեսողական կենտրոնները։

Հոդվածի ամբողջական տարբերակը հրապարակվել է Philosophical Transactions of the Royal Society of London ամսագրում։ Հոդվածում մանրամասն նկարագրվում են ուղեղի՝ երկխոսության ժամանակ գործի դրված հատվածները։ Բացի այդ, ներկայացվում է ֆունկցիոնալ ՄՌՏ-ի պատկերը, որտեղ կարմիրով եւ կապույտով առանձնացված են թվարկված գոտիները։ Հոդվածի հեղինակները կարծում են, որ այն կարող է հիմք ծառայել «սոցիալական նեյրոգիտության» ոլորտի նոր հետազոտությունների համար, որոնք ուղղված են մարդկային սոցիալական գիտակցության վերհանմանը եւ մարդկանց հետ ռոբոտների փոխգործակցային հմտությունների բարելավմանը։