Գերմանական Volkswagen ավտոհսկան նախատեսում է ավելի շատ ներդրումներ անել էլեկտրամեքենաշինության զարգացման մեջ եւ մինչեւ 2028 թվականն արտադրել մոտ 70 նոր մոդել էլեկտրամոբիլ։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Volkswagen-ի ղեկավարությունը հայտարարել էր 50 նոր մոդելի էլեկտրամոբիլ արտադրելու ծրագրերի մասին։ Առաջիկա 10 տարիներին ընկերությունը մտադիր է արտադրել ընդհանուր առմամբ 22 մլն էլեկտրամոբիլ։

«Էլեկտրամեքենաշինության զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ ապահովելու համար պետք է բարձրացնել բոլոր ոլորտների արդյունավետությունը»,- ասվում է Volkswagen-ի ղեկավար Հերբերտ Դիսի հայտարարությունում։ Առաջիկա հինգ տարիներին կոնցեռնը մոտ 44 մլրդ եվրո կներդնի նոր տեխնիկայի զարգացման, մասնավորապես՝ էլեկտրաշարժիչների արտադրման գործում։