Volkswagen ավտոկոնցեռնը հաստատել է լրացուցիչ 7 հազար աշխատատեղ կրճատելու ծրագրերն առաջիկա հինգ տարիներին՝ խնայողության նոր ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացվում է ընկերության հրապարակած հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է միջոցառումներ սկսել՝ էլեկտրամոբիլների արտադրության հզորությունների ավելացման, ինչի համար ընկերությունը լրացուցիչ միջոցների կարիք կունենա, եւ կառավարման ապարատում արդյունավետության բարձրացման նպատակով։ Volkswagen-ի պլանների համաձայն՝ 2023 թվականից ծրագիրը թույլ կտա կոնցեռնի շահույթն ավելացնել տարեկան 5,9 մլրդ եվրոյով։

Volkswagen նմուշի գլխավոր գործառնական տնօրեն Ռալֆ Բրանդշտետերը նշել է, որ ընկերությունն «արդեն շատ բանի է հասել» ի հաշիվ խնայողության միջոցների փաթեթի։ «Բայց մենք պետք է էլ ավելին անենք, որպեսզի հաղթահարենք մեր առջեւ 2020-ից հետո ծառացող մարտահրավերները,- կարծում է նա։- Մենք կբարձրացնենք տրանսֆորացիայի տեմպերը, որպեսզի Volkswagen-ը պատրաստենք էլեկտրամոբիլների ու թվային տեխնոլոգիաների դարաշրջանին»։

«Volkswagen-ը պետք է դառնա ավելի արդյունավետ ու շարժուն, ինչպես նաեւ գործատուն պետք է ավելի գրավիչ ու ժամանակակից լինի հենց կառավարման ոլորտում»,- ընդգծել է Բրանդշտետերը։

Ավելի վաղ կրճատման ծրագրերի մասին տեղեկացրել էր Handelsblatt թերթը։ Կոնցեռնի ղեկավարությունը 2016-ին արտադրական խորհրդի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել խնայողության միջոցների փաթեթի շուրջ, որը նախատեսում է 30 հազար աշխատատեղի կրճատում ամբողջ աշխարհում, որոնցից 23 հազարը՝ միայն Գերմանիայում։