Վերջին տարիներին նկատվում է պետական մասնակցությամբ ձեռնարկությունների շահույթների նվազում։ Արդյունքում՝ նվազում են շահաբաժինների տեսքով բյուջե մուտքագրվող գումարները։ Այդ մասին նշված է ֆինանսների նախարարության կողմից պետբյուջե ներկայացվող տեղեկանքում։

Ըստ մոնիտորինգի արդյունքների` 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների վնասների ընդհանուր ծավալը 2007թ. կազմել է 821 մլն. դրամ, իսկ 2009թ.`1 մլրդ դրամ, որի արդյունքում անընդհատ նվազում են նաեւ ՀՀ պետական բյուջե շահութաբաժինների վճարման ծավալները (2007թ.` 1.7 մլրդ դրամ, 2010թ.` 400 մլն. դրամ):

Կառավարությունն այսօր որոշ խստացում կատարեց պետական ձեռնարկությունների բաժնեմասերի կառավարման հարցում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հստակեցվում է բաժնետոմսերի կառավարումը եւ շահույթի ստացումը։ Վարչապետը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա, քանի որ հենց խորհրդարանում են կառավարությանն ամենաշատը քննադատում պետական բաժնեմասերը անարդյունավետ կառավարելու համար։

Վերահսկողության ուժեղացումից զատ կառավարությունը նաեւ խնդիր ունի պարզելու` արդյոք անհրաժե՞շտ է բաժնեմասեր ունենալ որոշ կազմակերպություններում, թե՞ ավելի նպատակահարմար է օտարել դրանք։