Իսպանիայի Պալենսիա նահանգի Վիլյառամել գյուղում անհայտ անձը մարդկանց ծրարով փող է նվիրում, հայտնում է Daily Mail պարբերականը:
Անանանուն անձը սկսել է նվերներ անել մարտի 6-ից: Շաբաթվա ընթացքում նա ծրարներ է դրել գյուղի 15 բնակչի փոստարկղի մեջ կամ մուտքի դռան տակ:
Գյուղապետ Նուրիա Սիմոն Գոնսալեսի խոսքով՝ ստացողները ծրարի մեջ գտել են մինչեւ 100 եվրո: Երբեմն փողի հետ միասին նշված է ստացողի հասցեն, անունը եւ գրառումներ՝ «այս տան արքայադուստր» հաճոյախոսությամբ եւ սրտի պատկերով:
«Բոլորս շփոթահար ենք եւ սպասում ենք հանելուկի լուծմանը, որովհետեւ չգիտենք, թե այս փողը որտեղից է հայտնվել: Չգիտենք, թե ով է բարերարը եւ ինչ մտադրություններ ունի»,- նշել է Գոնսալեսը: «Որդու հետ բնակվող այրի, փոքրիկ երեխաներով զույգ, տարեց զույգեր, երեխաներ չունեցող միջին տարիքի զույգեր... Նվերները ստացողների միջեւ ակնհայտ կապ չկա»,- հավելել է նա:
Փող ստացած մի քանի բնակիչներ այն տարել են ոստիկանություն կամ բանկ՝ համոզվելու համար, որ կեղծ չեն: Թղթադրամներն իսկական էին:
Ոստիկանությունը չի զբաղվում բարեգործի որոնումներով, քանի որ նա ոչ ոքի վնաս չի պատճառում: Պարբերականի տեղեկություններով՝ գյուղում բնակվում է 800 մարդուց ավելի:





























