Հելսինկիում շուտով կարող է չիպսերի թանգարան բացվել, որտեղ ցուցադրանմուշներ կդառնան չիպսերը: Այն կբացվի քաղաքի կենտրոնից քիչ հեռու՝ Էտու Տյոյոլյո շրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս համացանցում թանգարանի բացման համար միջոցներ են հավաքում:
«Էտու Տյոյոլյոյում չիպսերի թանգարանը կերաշխավորի, որ մի օր վաճառքից անհետացած չիպսերը նրա արխիվում կհայտնվեն: Ոչ ոք ստիպված չի լինի կարոտել ապրանքը, որի կյանքի տեւողությունը կարող է զարմանալիորեն կարճ լինել:
Երբեմն միայն այն միտքը, որ այն ինչ-որ տեղ ֆիզիկապես գոյություն ունի, կարող է հոգեկան հանգստություն պարգեւել», - ասվում է www.mesenaatti.me քրաուդֆաունդինգի կայքում, որտեղ նախագծի մասին տեղեկատվություն է հրապարակված:
Թանգարանի համար գումարը կհավաքեն մինչեւ մայիս, ներկայումս հաշվին արդեն 1 հազար եվրո կա: Helsingin Uutiset թերթը հաղորդել է, որ գաղափարի հեղինակի՝ հիփ-հոփ կատարող Ֆեդի Կամարիի նպատակը ընդհանուր առմամբ 5 հազար եվրո հավաքելն է:
Գարնան ընթացքում նա ցանկանում է թանգարանում տարբեր համերով չիպսերի 100 փաթեթ հավաքել, ինչպես ֆիննական, այնպես էլ օտարերկրյա արտադրողներից, որպեսզի այցելուներին պատմի, թե ինչ են սիրում Ֆինլանդիայում, իսկ ինչ արտասահմանում:
Կամարին իրեն չիպսերի մեծ սիրահար է անվանում եւ խոստովանում, որ փորձում է համտեսել բոլոր նոր համերը:





























