Ethiopian Airlines ավիաընկերության կործանված Boeing 737 Max 8 ինքնաթիռի ինքնագրիչ սարքերի տվյալների վերլուծությունը ցույց է տվել նմանություն ինդոնեզական Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով նախարարության Facebook-յան էջին:

Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիթ Մոհեսը ելույթ է ունեցել, երբ ավիավթարներ հետաքննող ֆրանսիական բյուրոն (BEA) ուղարկել է եթովպական իշխանություններին կործանված օդանավի ինքնագրիչի տվյալները:

Մոհեսը հայտարարել է, որ տվյալները ցույց են տվել «հստակ նմանություններ» երկու ավիավթարների միջեւ: Սակայն նա հրաժարվել է ներկայացնել հայտնաբերված նմանությունների մասնամասները, այդ թվում՝ գործել էր արդյոք եթովպական ինքնաթիռում Boeing-ի նոր ծրագրային ապահովումը, որը կարող էր Lion Air-ի օդանավի վթարի պատճառը լինել:

Նա հավելել է, որ նոր տեղեկությունները կուսումնասիրվեն հետագայում հետաքննության շրջանակներում:

Նախարարը նշել է նաեւ, որ տվյալները ստուգվել են Եթովպիայից եւ ԱՄՆ-ից ժամանած քննիչների կողմից:

Հիշեցնենք, որ մարտի 10-ի առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 Max 8 ինքնաթիռը կործանվել է եթովպական Դեբրե-Զեյթ քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում գտնվել է 157 մարդ՝ ներառյալ անձնակազմի 8 անդամները: Զոհերը 35 երկրների քաղաքացիներ էին:

Դա տվյալ մոդելի ինքնաթիռի մասնակցությամբ երկրորդ ավիավթարն էր վերջին հինգ ամիսների ընթացքում. 2018 թվականի հոկտեմբերի 29-ին կործանվել էր ինդոնեզական Lion Air ավիաընկերության օդանավը: