Նյու Յորքի ոստիկանությունը հարուցել է առեղծվածային սպանության փաստով նոր գործ, երբ հայտնաբերել է 40 տարի առաջ սպանված տղամարդու մնացորդները, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ տղամարդը սպանվել եւ մասնատվել էր:

Մնացորդները գտել էին Նյու Յորքի Քվինս շրջանում երեքշաբթի, հաղորդում է NBC 4 New York-ը:

Այդ հանցագործության զոհը 30-35 տարեկան տղամարդ էր, սակայն ոստիկաններին դեռ հայտնի չէ նրա ինքնությունը եւ նրան սպանելու միջոցը:

Ռիչմոնդ Հիլում գտնվող հին երկհարկանի շենքի հետնամասում ոստիկանները հայտնաբերել են մնացորդները, երբ նրանց զանգահարել է մի կին եւ հայտնել, որ տեղյակ է 1977-1979 թթ. կատարված սպանության մասին, որը, հավանաբար, տեղի էր ունեցել վարսավիրանոցում:

Կինը հայտնել է նաեւ, որ տեղյակ է, թե որտեղ է գտնվում դին, եւ ոստիկաններն ուսումնասիրել են նրա նշած վայրը: Դեռեւս հայտնի չէ՝ ինչու էր հանցագործության վկան այդքան երկար ժամանակ գաղտնի պահում այդ տեղեկատվությունը:

Հայտնի է միայն, որ հանցագործության կատարման պահին նա դեռ անչափահաս էր: