Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մեծ հավանականությամբ պարզել են սերիական մարդասպան Ջեքի իրական անձը՝ սերիական մարդասպանն է եղել լեհ ներգաղթյալ Ահարոն Կոսմինսկին, որը վարսավիր է աշխատել, հայտնում է The Sun-ը:

Փորձագետները մոլագարի անձը, որը 1888 թվականի երկրորդ կեսին գործել է Լոնդոնի Ուայթչեփել շրջանում, պարզել են թաշկինակի վրա պահպանված ԴՆԹ-ի հետազոտությամբ, որի վրա եղել է ինչպես մարդասպանի, այնպես էլ նրա զոհերից մեկի՝ Քեթրին Էդոուսի արյունը: «Մենք առաջին անգամ մանրամասն ներկայացնում ենք մարդասպան Ջեքի սպանությունների հետ կապ ունեցող միակ պահպանված ֆիզիկական ապացույցի պարբերական մոլեկուլյար անալիզը»,- Journal of Forensic Sciences-ում նշել են հետազոտողները:

Հետնախորշերից առնվազն 5 մարմնավաճառի նկատմամբ հաշվեհարդար կատարած հանցագործի անձը պարզել են թաշկինակի վրայի միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հատվածները Կոսմինսկիների ողջ ժառանգորրդներից վերցված նմուշների հետ համեմատությամբ: Մեկ հանցանշանի վրա համընկնող ճյուղերի համընկնումը «մեծացնում է ամբողջական նույնականացման վիճակագրական հավանականությունը եւ հաստատում այն թեզը, որ թաշկինակն իրական է», նշված է գիտնականների հաշվետվության մեջ: Ընդ որում՝ նշվում է, որ այն կապված է ոչ միան Էդոուսի սպանության հետ, այլեւ Էլիզաբեթ Սթրայդի:

Սպանություններին Կոսմինսկու մասնակցությանը վերաբերող վկայությունները 2014 թվականին առաջին անգամ ներկայացրել է այս հետազոտության հեղինակներից մեկը՝ Լիվերպուլի համալսարանի մոլեկուլյալ կենսաբանության դոցենտ Յարի Լոուհելայնենը: Նա իր ապացույցների մասին գրել է Naming Jack the Ripper գրքում: Սակայն այդ ժամանակ նրան գենետիկները քննադատել էին, քանի որ չէր բացահայտել իր անալիզի տեխնիկական բավարար մանրամասները:

Նախկինում Ուայթչեփելում սարսափազդու սպանությունների կասկածյալների թվում բացի ծագումով լեհից, նշվում էի նաեւ միս առաքող Չարլզ Ալեն Լեչմերը, դպրոցի ուսուցիչ Մոնթեգյու Ջոն Դրուիթը, որն ինքնասպան էր եղել, վարսավիր Ջորջ Չեփմենը, որը կախաղան էր բարձրացվել իր 3 կանանց թունավորելու համար, լիվերպուլցի բամբակի վաճառական  Ջեյմս Մոբրիքը, ում սպանել էր սեփական կինը, եւ մի շարք այլ անուններ:

Մարդասպան Ջեքի մականունը վերցվել էր նամակից, որը մարդասպանի անունից հայտնվել էր լոնդոնյան լրատվական գործակալությունում: XX դարասկզբից Ուայթչեփելից մարդասպանի պատմությունը ներկայացվել է տասնյակ ֆիլմերում եւ գրական ստեղծագործություններում: