Հոլանդիայի ոստիկանությունը ձերբակալել է Ուտրեխտում տրամվայում տեղի ունեցած հրաձգության երրորդ կասկածյալին, որի հետեւանքով մահացել է 3 մարդ: Այս մասին  հաղորդել է Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ձերբակալվել է երրորդ մարդը, դեռ անհայտ է, թե ինչ առնչություն է նա ունեցել միջադեպին», -նշել է հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր երկու անձի ձերբակալման մասին, այդ թվում հրաձգությունն իրականացրած Գյոկմեն Տանիշի:

 Ըստ Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի՝ հարձակվողը  դեռ երկու շաբաթ առաջ ձերբակալված էր: Նա ընդգրկված էր երեք գործերում՝ հեծանիվի գողության, կողոպուտի եւ բռնաբարության: Մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով Տանիշին իմացած անձանց, նաեւ պնդում են, որ  նա հոգեբանական խնդիրներ է ունեցել եւ թմրանյութեր է օգտագործել:

Ըստ ոստիկանության տվյալների՝ երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին Ուտրեխտում տեղի ունեցած  հարձակման արդյունքում երեք մարդ է մահացել, եւս 5-ը վիրավորվել: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց անհրաժեշտ օգնություն է տրվում:

Ըստ բժիշկների՝ երեք մարդ ծանր վիճակում է: Թե ինչ շարժառիթներով է առաջնորդվել Գյոկմեն Տանիշը, դեռ պարզ չէ:

Իրավապահ մաարմինները չեն բացառում, որ հարձակվողը ահաբեկչական նպատակներ ուներ, սակայն կան նաեւ ենթադրություններ, որ հարձակումն իրականացվել է ընտանիքի հետ կապված պատճառներով:

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կարգադրությամբ՝ երեքշաբթի բոլոր պետական շենքերի դրոշներն իջեցվել են ի նշան  հարգանքի զոհերին եւ նրանց հարազատներին:

Ազգային խորհրդարանի ստորին պալատը մտադիր է երեքշաբթի մեկ րոպե լռությամբ հարգել ողբերգության զոհերի, ս նաեև Նոր Զելանդիայում ահաբեկչության հետեւանքով  մահացածների հիշատակը: Արարարողությանը  նախատեսվում է վարչապետի ներկայությունը: