Կարեւորն այն չէ, որ հայտնաբերեն Հայաստանի կառավարության առջեւ երեկվա միջադեպի պատասխանատուներին, այլ այն, որ հետայսու բացառվեն նման միջադեպերի կրկնությունը: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցին ասել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա ընդգծել է, որ պատգամավորները տարակուսած են տեղի ունեցածից, քանի որ իրավապահներն անկախ հանգամանքներից պետք է պատշաճ վերաբերմունք դրսեւորեին պատգամավորների նկատմամբ, սակայն իրենց հերթին էլ պատգամավորները պետք է մեղմեն ժողովրդի դժգոհությունները` փորձելով խնդիրները լուծել իշխանությունների հետ: Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ նախօրեին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է կուսակցության գրասենյակ: «Մենք քննարկել են որոշ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական հարցեր»,- հստակեցրել է Սահակյանը:
Խոսելով հանրության հուզող խնդիրների, մասնավորապես բացօթյա առեւտրի մասին, Սահակյանն ընդգծել է, որ պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի բացօթյա առեւտրով զբաղվողները կարողանան վաստակել իրենց հանապազօրյա հացը:
Անդրադառնալով հնարավոր կադրային փոփոխությունների խնդրին ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, թե նման հարց կուսակցությունում չի քննարկվել: «Թեեւ մարդիկ իրենց պաշտոններում կարող են փոխարինվել, բայց նրանց մտքերը կմնան հավերժ»,- դեմքի լուրջ արտահայտությամբ նկատել է Սահակյանը:
Սահակյանը խոսել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության հնարավոր բոյկոտի մասին եւ ասել, թե դա չի բխում պետության եւ հենց կուսակցության շահերից: «Ժառանգությունը» մեզ փոքր-ինչ ձանձրացրել է, բայց մենք ի վիճակի ենք լսել կառուցողական քննադատություն», նկատել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:
Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները նրան առաջին օգնություն են ցուցաբերել: Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:





























