Այսօր Հայաստանում կա գործատու–աշխատող հարաբերությունների խնդիր, երբ գործատուն ամիսներով աշխատավարձ չի վճարում։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։
«Չգիտես ինչու՝ պետությանը թվում է, որ ինքը գործ չունի գործատու եւ աշխատող հարաբերությունների հետ եւ բացարձակ մատը մատին չի տալիս, այն դեպքում, երբ պարտավորություն ունի խառնվել եւ պատժել մեղավորին»,– ասաց Բաղդասարյանը։
Նման դեպքի վառ օրինակ նա համարեց նախորդ տարվա դեկտեմբերի վերջին «Հյուսիս–հարավ» ճանապարհի փակելը աշխատակիցների կողմից, որոնք ամիսներ շարունակ աշխատավարձ չէին ստացել։
«Եկավ պետական լիազոր մարմինը, ասում է, դե գիտեք՝ այդ փողը կառավարությունը տվել է Ձեր գործատուին, նա գումարը Ձեզ չի տվել, թող մնա տոներից հետո, տեսնենք ինչ ենք անում։ Տոներից հետո էլ հայտնի դարձավ, որ այդ կարգի չինովնիկները պարգեւավճարներ են ստացել»,–ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով, եթե գործատուն գումարը չէր փոխանցել աշխատակիցներին, պետությունը իր հաշվից պետք է այդ գումարը տար, ապա կանչեր գործատուին, վարույթ հարուցեր, ընդհուպ տեսներ արարքի մեջ հանցակացմ կա, թե ոչ եւ գումարը հետ ստանար։
«Մտածեցի՝ միգուցե միտումնավոր են պետական միջին, բարձր, ցածր չինովնիկներն այսպես անում, որպեսզի կառավարության առաջ քաշած ծրագրերը չիրագործվի, իսկ առանց դրա թող կառավարությունը մոռանա, որ ինչ–որ ծրագիր կարող է իրականացնել»,– ասաց Բաղդասարյանը։





























