Հայաստանի տեքստիլ արդյունաբերության մեջ բազմաթիվ մարդիկ են զբաղված, եւ այն կենտրոնացած չէ մեկի ձեռքում։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 27-ին Կառավարության 2018թ․գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակներում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին։
Վարչապետը նշել է, որ իրենք նաեւ որոշակի մտահոգություն ունեն։
«Սովորաբար մեր երկրում տեքստիլը միշտ զարգացել է, եւ դրա արտադրության համար մինչ այժմ օգտագործվում է էժան աշխատուժ։ Եւ դա մեզ մոտ անհանգստություն է առաջացնում։ Մենք ոչ միայն չենք ուզում, որպեսզի Հայաստանը էժան աշխատուժով երկիր լինի, այլ նաեւ հասկանում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք ցանկացած պահի կարող են ավելի էժան ծառայություններ առաջարկել, քան Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աշխատաշուկան է։ Նման պայմաններում այդ ոլորտը կարող է փլվել»,- պարզաբանել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքերով, անհրաժեշտ է հասնել Հայաստանում տեքստիլի արտադրության որակի բարձրացմանը, ինչը կբերի վերջնական արտադրանքի որակի բարձրացմանը եւ, հետեւաբար, դրա արժեքի բարձրացմանը։
«Հայաստանում պետք է արտադրեն 1000 դոլար արժողությամբ ժիլետներ, ոչ թե՝ 5000 դրամ, քանի որ առավել թանկարժեք արտադրանքը պահանջարկ կառաջացնի, իսկ դա իր հերթին կապահովի ավելի բարձր աշխատավարձեր»,- ընդգծել է վարչապետը։





























