Հյուսիս-Հարավ ճանապարհը պետք է Բաթումի եւ Բենդար Աբբաս նավահանգիստների միջեւ տրանսպորտային միջանցքի բաղկացուցիչ մաս դառնա: Մարտի 27-ին Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցն, այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Նինոծմինդա-Բավրա ճանապարհի շինարարության մասին հարցին:
Թորոսյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչ է ներկայումս հայտնի նոր ավտոմայրուղու կառուցման մասին, նշելով, որ դա կարող է զգալիորեն հեշտացնել Ջավախքի հայերի տեղաշարժը:
«Մենք այս հարցը քննարկել ենք նախկին եւ ներկա վարչապետների հետ: Եվ ես հավաստիացումներ ստացա, որ ճանապարհը կկառուցվի: Ըստ այնտեղից վերջին տեղեկատվության` նախագիծը գտնվում է մրցույթի փուլում: Շինարարությունը կսկսվի դրա անցկացումից հետո», - պարզաբանեց Փաշինյանը:
Նրա խոսքով, ոչ միայն այս հարցն է քննարկվում վրացական կողմի հետ, այլեւ հարցերի շատ ավելի լայն շրջանակ, մասնավորապես, տարածաշրջանային նախագծերի իրականացումը, եւ այս առումով Հայաստանին հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա-Բավրա հատվածը, այլեւ Բաթումի-Բավրա:
«Որովհետեւ այս տրամաբանության շրջանակում է տեղավորվում Հյուսիս-Հարավ ճանապարհը: Մենք առաջարկում ենք խնդրին մոտենալ Բաթումի-Բենդեր-Աբբաս տրամաբանության շրջանակում», - ասաց Փաշինյանը:
Երկկողմ հարաբերությունները, ըստ վարչապետի հավաստիացումների, հաջողվում է պահպանել աշխարհաքաղաքական ազդեցություններից դուրս, բայց երբ հարցերը վերաբերում են բազմակողմ ձեւաչափին, աշխարհաքաղաքականությունն անմիջապես «ի հայտ է գալիս»:
Սակայն, ըստ կառավարության ղեկավարի, բարենպաստ իրավիճակում, ծրագիրը պետք է իրականացվի:
Իսկ այժմ դեռ, նրա կարծիքով, կարելի է մտածել Բաթումիից Հայաստան ճանապարհի մասին, եւ եթե հաջողվի կառուցել այն, ապա Երեւանից Բաթումի հնարավոր կլինի հասնել նույնքան արագ, որքան Թբիլիսիից:
«Վրաստանի վարչապետի հետ առաջիկա հանդիպումների ժամանակ այս թեման կքննարկվի », - ասաց Նիկոլ Փաշինյանը:





























