«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմն ընդլայնելու հարցը քննարկվում է։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այս պահին քննարկվում են ծրագրային նոր առաջարկությունները՝ կուսակցության ծրագրի, ինչպես նաեւ կուսակցության կանոնադրության հետ կապված։ Կառույցը, բնականաբար, ընդլայնվում է, բայց ինստիտուցիոնալ հիմքերը հիմա ամենասկզբից դնում ենք, որպեսզի աճը լինի տրամաբանական»,–նշեց նա։
Հարցին՝ ընդլայնվե՞լու է վարչության կազմը, Ավինյանն ասաց. «Քննարկվում է վարչության կազմն ընդլայնելու հարցը։ Կանոնադրության վերջնական սեւագիրը հենց ունենանք, այն ժամանակ պարզ կլինի, թե ինչ տեսք կունենա վարչության կազմը։ Առաջիկայում տեղի է ունենալու վարչության ընտրություններ»։





























