Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում կրքերը հանդարտվել են. դպրոցի տնօրենի հրաժարականից մեկ օր անց մարզպետ Գարիկ Սարգսյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակել Հասմիկ Գասպարյանին։
NEWS.am-ի հետ զրույցում մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ պաշտոնակատար նշանակվել է այլ դպրոցի ուսուցիչներից մեկը, որովհետև «դպրոցում ստեղծված իրավիճակը անհնարինության մի դրսևորում էր»:
«Տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ կառավարության կողմից հաստատված կարգ կա, որի համաձայն՝ խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի տնօրենի մրցույթ: Եռօրյա ժամկետում խորհրդի նիստ պետք է հրավիրի, որոշում կայացվի մրցույթը անցկացնելու մասին, և այդ երեք ամսվա ընթացքում մրցույթը հայտարարվի»,- ասաց Ալբերտ Մկրտչյանը:
Ըստ Մկրտչյանի՝ Ավշարի դպրոցում տնօրենի մրցույթի գործընթացն անցել է սահմանված կարգին համաձայն, և որևէ խախտում այն գործընթացում չի եղել։
«Դպրոցում բաց թողնված դասաժամերը լրացնելու համար դիմել ենք կրթության նախարարություն, որ վաղվանից սկսենք դասերը: 6 օրերն էլ լրացնեն՝ 6–օրյա աշխատանքային ռեժիմով, այսինքն՝ շաբաթ օրերն էլ աշխատեն»,- ասաց Ալբերտ Մկրտչյանը:
Մկրտչյանի խոսքով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել երկար տարիներ աշխատած մանկավարժը, որը նախկինում եղել է դպրոցի տնօրեն:
Փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի աշխատանքային բնականոն գործընթացն արդեն սկսվել է, վաղվանից հույս ունեն, որ դասապրոցեսը կվերականգնվի։
«Այսօրվանից արդեն շատ լավ աշխատանքային մթնոլորտ է ստեղծվել: Չգիտենք՝ ի՞նչ հիմքերով է մարզպետը նշանակում կատարել, որքան որ տեղյակ ենք, պետք է երկու փոխտնօրենից մեկը ընտրվեր ժամանակավոր պաշտոնակատար: Բայց հիմա մեզ համար դա էական չէ: Կարևորը, որ մենք վաղվանից կսկսենք դասապրոցեսը»,- պատմեց փոխտնօրենը:
Հիշեցնենք, որ Ավշարի դպրոցի տնօրեն Հեղինե Անդրեասյանը մարտի 26-ին ներկայացրել էր հրաժարական, քանի որ աշակերտներն ու ուսուցիչները մոտ 2 շաբաթ դասադուլ էին անում, պահանջելով՝ նորընտիր տնօրենի հրաժարականը, նրան մեղադրելով կադրային խտրականության, և, ինչպես ուսուցիչներն են նշում՝ անհարգալից վերաբերմունքի համար։





























