Հայաստանում փախստականների բնակարանային հարցի լուծման համար 9-10 միլիարդ դրամ է անհրաժեշտ։ Այս մասին մարտի 27-ի Ազգային ժողովում հայտարարել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքերով, երկրում մնացել է 51 հանրակացարան, որտեղ այժմ տեղավորված են Ադրբեջանից փախստականները, ինչպես նաեւ՝ հատուկ կարգավիճակով մարդիկ։
«Նախնական հաշվարկներով, մարդկանց բնակարանային հարցերի լուծման համար կարող է 9-10 միլիարդ դրամ պահանջվել։ Եթե մենք ամեն տարի դրա համար միլիարդ- մեկուկես միլիարդ հատկացնենք, կարող ենք խնդիրը լուծել։ Պարզապես 2019թ․ բյուջեում դրա համար հատկացումներ չեն նախատեսվել։ Մենք հարցը կքննարկենք հաջորդ տարվա բյուջեի նախագծում»,- պարզաբանել է նախարարը։





























