Արարատյան Հայրապետական Թեմի «Գանձեր» երգչախումբը պատրաստվում է մեծ մենահամերգի՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150–ամյակին։ Այս մասին NEWS.am-ին ասաց երգչախմբի հիմնադիր Վոլոդյա սարկավագ Նաջարյանը։
«Գանձեր» երգչախումբը հիմնադրվել է 2015թ.՝ նպատակ ունենալով կազմակերպել հոգեւոր երգի սիրողական դասընթացներ։ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի խոսքով սկզբում երիտասարդները քսան–երեսունն են եղել, սակայն գնալով թիվն աճել է եւ հասել հարյուրի։
«Սկզբնական շրջանում սկսել ենք ամենահեշտ երգերից, ամենամատչելի շարականներից՝ միչեւ պատարագի ուսուցողություն։ Հետո միտք հղացավ՝ այս սիրողական դաընթացների արդյունքում հիմնել պրոֆեսիոնալ երգչախումբ»,– ասաց Վոլոդյա սարկավագ Նաջարյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում երգչախումբը եղել է երկսեռ, սակայն տղաների բանակ զորակոչվելուց հետո այսօր միայն իգական սեռի ներկայացուցիչներ են մնացել։
«Երգչախումբը տարբեր ծրագրերով հանդես է եկել տարբեր բեմահարթակներում։ Անցած տարի մենք առիթ ունեցանք պատմական մեր հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանում, Թուրքիայի իշխանությունների կողմից արտոնված, տարին մեկ անգամ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում հնչող պատարագը երգեց մեր երգչախումբը, համատեղությամբ Պոլսի ազգային եկեղեցու երգչախմբի»,– ասաց սարկավագ Նաջարյանը։
Նրա խոսքով՝ երգչախումբը նաեւ համագործակցում է մարզերի հետ, այնտեղ հայ հոգեւոր երաժշտությունը սովորեցնելու, պրոպագանդելու եւ տարածելու նպատակով։
«Երգչախումբն իր առջեւ նպատակ է դրել հավաքագրել մարզերում տարբեր տարիքի երեխաների եւ սովորեցնել հայ հոգեւոր երաժշտությունը, որպեսզի այն ոչ միայն Երեւանում տարածվի, այլեւ մարզերում եւ Արցախում»,– ասաց սարկավագ Նաջարյանը։
Մենահամերգը տեղի կունենա ապրլի 5–ին, ժամը 19։00–ին Կամերային երաժշտության տանը։ Հնչելու են հոգեւոր, դասական, ազգային երգեր, կաթոլիկ ուղղափառ եկեղեցու շարականներ։ Մուտքն ազատ է։































