Հայաստանի պետական ապարատը կարելի է էլ ավելի կրճատել, քան առաջարկվում է կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական այժմյան նախագծով։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 27-ին Կառավարության 2018թ․գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակներում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Փաշինյանը, մասնավորապես պարզաբանել է գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության հետ միավորելու գաղափարը։ «Եթե գյուղատնտեսական արտադրությունը կողմնորոշված չլինի դեպի արտահանում, ապա մենք չենք հասնի ագրարային ոլորտի զարգացման»,- ասել  է վարչապետը։ Նրա խոսքերով, տնտեսկան զարգացման նախարարությունը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում արտահանման քաղաքականության մշակմամբ։ «Մենք կարծում ենք, որ պետք է լինի տնտեսության մեկ ընդհանուր նախարարություն, որի առաքելությունը կլինի արտահանման վրա կողմնորոշված գյուղատնտեսության մեխանիզմների եւ հնարավորությունների ընդլայնումը»,- ընդգծել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է այլ գյուղատնտեսական ծրագրերին, ապա վարչապետի տեսակետից՝ դրանք ավելի շատ վերաբերում են ֆինանսական ոլորտին, ինչպես նաեւ կապված են բանկային գործունեության հետ, որտեղ կառավարությունը գործնականում որեւէ մասնակցություն չունի։

«Բոլոր նախարարությունները կարեւոր են։ Իսկ ո՞վ է ասել, որ կա փոքր նշանակությամբ նախարարություն։ Սակայն եթե դուք ինձ հարցնեք, ես էլ ավելի կկրճատեի նախարարությունների եւ դրանց կից գործող մարմինների թիվը։ Ես ամեն օր տեսնում եմ, որ կա կրճատելու անհրաժեշտություն, որպեսզի պետական կառավարման համակարգը դառնա ավելի համահավաք»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ իր հանձնարարությունները կորչում են այժմյան ուռճացված համակարգում, եւ ոչ ոք դրանց մասին չի հիշում այնքան ժամանակ, մինչեւ ինքը չի հիշեցնում դրանց գոյության մասին։