Հեմոդիալիզի սարքերի իրացմամբ զբաղվող «Ֆրեզեն» ընկերությունը ներկրում է որակյալ արտադրանք, որի արժեքը համեմատելի չէ «չինական աղբի» հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ֆրեզեն» ՍՊԸ տնօրեն Հրանտ Պիվազյանը՝ մեկնաբանելով հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայության տեղեկատվությունը։

«Եթե Պետական վերահսկողական ծառայությունում, մաքսային արժեք ասելով, համեմատել են Չինաստանի կամ Սոմալիի արտադրանքի հետ, իհարկե մեր ներկրած արտադրանքի մաքսային արժեքը ավելի բարձր է եղել»,- նշեց նա։

Գործարարը շեշտեց՝ ընկերությունը փոքր–ինչ թանկ է վաճառել սարքավորումները, քանի որ նաեւ իրականացրել են անվճար սպասարկում. «Երբ մենք ավելի բարձր գնով ենք վաճառել, դրա մեջ ներառված է եղել սպասարկումը՝ ամբողջը անվճար, ես իմ ինժեներներին ամիսը 970 հազար դրամ վճարում եմ՝ անկախ նրանից աշխատանք կա, չկա, շատ է, քիչ է, իսկ հիմա ապրանքը էժանացել է, որովհետեւ հիմա սպասարկումը վճարովի է լինելու, էլ անվճար չենք սպասարկելու, բնականաբար գինը պետք է իջնի։ Իսկ սպասարկումը եթե գումարեն, ավելի թանկ է լինելու, ուստի ՊՎԾ–ում թող շուստրի չձեւանան։ Նախկինում հաշվի առնելով, որ պետությունը սպասարկման այդքան գումար չունի, ես ինքնակամ եմ սպասարկումն իրականացնում։ Ես ընդհանուր առմամբ իմ հաշվին եմ արել, գինը մի փոքր բարձր է եղել, որ գոնե փոքր-ինչ կոմպենսացվի։ Բազմաթիվ դետալներ, որոնք փչացել են, ես 20 տարի անվճար բերել ու փոխել եմ, չնայած սպասարկման մասին պայմանագիր չի եղել»։

Ընկերության տնօրենը նկատում է՝ ինչու հեմոդիալիզի սարքերի իրացմամբ զբաղվող մյուս ընկերությունների սարքավորումների գները չեն հրապարակում. «ՊՎԾ-ն պնդում է, թե շուկայում կան մի քանի խաղացողներ, ներմուծողներ, ասում են՝ մենք շուկան ենք ուսումնասիրում, «Ֆրեզենին» չենք ուսումնասիրում, սակայն պարզ է դառնում, որ միայն «Ֆրեզենին» են ուսումնասիրում, որովհետեւ եթե այդպես չէ, ինչո՞ւ մյուս խաղացողների ներմուծած սարքավորումների թվերը չեք հրապարակում»։

Նա պնդեց՝ չկարողացան բիզնեսը խլել, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ընկել է «Ֆրեզենի» հետեւից։ «Ի՞նչ է նշանակում գերշահույթ, ես հարկերս պարտաճանաչ տալիս եմ, հեղափոխությունից հետո հուլիս ամսին մեզ մոտ ստուգում է եղել, շատ խիստ, 10 տարվա ուսումնասիրություն է եղել եւ ոչ մի խախտում չի հայտնաբերվել, ինչու դրա մասին չեն խոսում։ Թող մարդկանց շփոթության մեջ չգցեն։ Այս թվերը, որ հրապարակել են, հրապարակել են ինվոյսային արժեքները, դրանց գումարվում են ճանապարհածախս, պահեստային ծախսեր, աշխատանքային ծախսեր, հարկեր ու տուրքեր, մեզ մնում է մի փոքր գումար միայն»։ Բացի այդ գնումները կատաերվում են եվրոյով, ուստի պետք է հաշվի առնել եվրոյի փոխարժեքի տատանումները»։

Արձագանքելով ՊՎԾ այն մեկնաբանությանը, թե գնման մրցույթով պահանջվող առարկաների տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող է մասնակցել միայն Fresenius Medical Care ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, Պիվազյանն ասաց, որ այդպիսի բնութագիր է կազմվել, քանի որ Fresenius Medical Care-ը մատակարարում է անվտանգ ապրանքներ, «որոնց պարագայում մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ եթե նա գլուխ է գովում, թե հանրապետական հիվանդանոցում հրաշալի դիալիզ է իրականացվում, գնացեք, հիվանդների վիճակը նայեք, ճշտեք՝ քանի մարդ է մահացել, եւ քանի մարդու վիճակն է կրիտիկական։ Ուղղակի մասանգետ չկա, դրա համար ՊՎԾ-ն դիմում է մանիպուլյացիայի։ Թող շնորհակալ լինեն, որ աշխարհի ամենալավ սարքավորումներն ենք բերում։ Մենք էլ կարող ենք չինական էժան սարքավորումներ ներկրել»։

Նրա կարծիքով՝ ՊՎԾ–ում մարդկանց կյանքերի հետ են խաղում. «Մարդու կյանքի հետ են խաղում, աղբ են ներկրում ու ասում են՝ էժան է։ Բա աղբը էժան է։ Սանասարյանը թող բացահայտի, թե այն ջիպերը, որ քշում է, որտեղից իրեն»։

Հիշեցնենք, որ ՊՎԾ–ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» եւ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին իրացված ապրանքների եւ մաքսային արժեքների համեմատությամբ պարզվել է, որ իրացված 1,600,999.0 հազ. դրամի պարագաների մաքսային արժեքը կազմել է 722,670.0 հազ. դրամ, այսինքն՝ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ բարձր գներով։ Արդյունքում ստացվում է, որ միայն հեմոդիալիզի սարքերի եւ պարագաների ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն պետական կարիքների համար (պետական բյուջեից ֆինանսավորման արդյունքում) գնման մրցույթներին մասնակցելով ապահովում է գերշահույթ։