Ամուլսարի հարցով անկախ փորձաքննության արդյունքները մայիս-հունիսին հայտնի կլինեն: Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նշելով, որ այս պահի դրությամբ ուսումնասիրություններ են կատարվում:
Նրա խոսքով՝ այսօր միջազգային փորձագետները Հայաստանում են եւ տարբեր հանդիպումներ ու աշխատանքներ են իրականացնում. «Գործընթացը գնում է իր հունով, և վերջում կտան եզրակացություն: Այս փորձաքննական աշխատանքը հարուցված քրեական գործի շրջանակում է: Այսինքն՝ քննչական մարմինը հարուցված քրեական գործի շրջանակում վարձել է այս կազմակերպությանը: Բացի միջազգային այս կազմակերպությունից՝ նաեւ տեղական բազմաթիվ փորձագետներ են ներգրավված գործում»:
Նախարարը նաեւ մանրամասներ հայտնեց «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից. ընկերության ներկայացուցիչները մերժել են այդ փորձաքննական աշխատանքներին մասնակցելու առաջարկը: «Ես անձամբ եղել եմ այդ հանդիպմանը: Վարչապետն առաջարկեց, որպեսզի համատեղ իրականացվեն այդ ուսումնասիրությունները, որ հարցերի պատասխանները տրվեն, սակայն կազմակերպության կողմից բացասական պատասխանի արժանացանք: Պատճառաբանեցին, որ իրենք ունեն այդ բոլոր լիցենզիաներն ու թույլտվությունները և իրավունք ունեն աշխատանքներ իրականացնել: Մի փոքր պարզաբանում տամ մեր փորձաքննական գործընթացի վերաբերյալ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ինքնին պետությունը չի իրականացնում, դա իրականացնում է նախաձեռնողը, հետո դա բերվում է Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ՝ եզրակացություն ստանալու: Եվ այս պահին լրացուցիչ փորձաքննությունը հնարավորություն է տալիս, որ պետությունը գնահատի՝ այդ ամբողջ աշխատանքները, որ իրականացված են, արդյո՞ք ճիշտ են»,- ասաց նա:





























