Արմավիր-Երեւան երթուղով ուղեւորափոխադրումների վերահսկողությունը կուժեղացվի: Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը:
Ըստ նրա, սա պայմանավորված է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդների դժգոհության եւ լարված իրավիճակի հետ:
«Մենք հանդիպեցինք ընկերության վարորդների հետ: Որոշվել է Պետական եկամուտների կոմիտեի եւ ոստիկանության հետ համատեղ ավելի ինտենսիվ ստուգումներ իրականացնել, ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար», - ասաց նա:
Արզումանյանը շեշտեց, որ սպիտակ համարանիշներով կանոնավոր փոխադրումներ իրականացնող մասնավոր տաքսիները սոցիալական խնդիր են լուծում, բայց չի բացառվում, որ նման գործունեությունը անօրինական է: «Նաեւ քաղաքացիներին կոչ ենք անում օգնել, որ այս խնդիրը լուծվի, եւ իրենք էլ օգտվեն օրինական հիմքով աշխատող ընկերության ծառայություններից», - եզրափակեց փոխնախարարը:





























