Կառավարության հետ պայմանավորվեցինք, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարման համար ներդրում կատարելու համար «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգն իր հնարավորությունների մասին որոշակի փաստաթղթեր կներկայացնի, կառավարությունը կծանոթանա ներկայացված փաստաթղթերին, որից հետո հոլդինգի ներկայացուցիչներին կհրավիրի Հայաստան։ Այս մասին այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ 127 մլն դոլարի բանկային երաշխիքի մասին խոսք չի գնացել. «բանկային երաշխիք հասկացությունը այսօր դուրս եկավ»։
Գործարանի նախկին տնօրենը նշեց՝ 3 տարվա ընթացքում հոլդինգի ներկայացուցիչների հետաքրքրվածությունը գործարանի վերագործարկման հարցում բացասական ուղղությամբ է ընթացել. «Գնալով այդ շահագրգռվածությունը թուլանում է, բայց դեռեւս կարողանում ենք այդ հետաքրքրվածությունը պահել»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ հոլդինգը պատրաստ է անմիջապես անցնել գործարանի վերագործարկմանը, եթե կառավարությունից համապատսախան թույլտվությունը ստանա, իսկ «վերագործարկման դեպքում մինչեւ 1500 աշխատատեղ կբացվի»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է շարունակվում են քննարկումները «Նաիրիտի» վերագործարկման շուրջ։ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը ցանկություն է հայտնել ներդրում անել եւ վերագործարկել գործարանը, սակայն նախորդ կառավարությունը «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումները իրատեսական չէր համարում, քանի որ «Նաիրիտը» վերագործարկելու համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը ընդամենը մի քանի հազար դոլար է։





























