Ի՞նչ եք ուզում պրոֆեսինալներից. ՔՊ-ացո՞ւմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ձեւակերպմամբ՝ փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը եւ Սուրեն Քրմոյանը աշխատանքից ազատվեցին քաղաքական որոշման արդյունքում։ Ըստ նախարարի՝ նրանց աշխատանքից գոհ եւ բավարարված են, եւ վերջիններս բարձր մասնագիտացում ունեն, բայց կառավարության քաղաքական որոշման արդյունքում նրանք ազատվեցին։
Միանգամից մի քանի հարց է առաջանում.
այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք,
Ձեր քաղաքական որոշումների տրամաբանությունը ինչո՞վ են տարբերվում ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի որոշումներից,
իսկ նախարար Զեյնալյանը որտե՞ղ էր որոշման ժամանակ, իր նախորդները իրենց որակյալ տեղակալների համար կռիվ կտային: Նման վարքագիծը կլիներ իսկական քաղաքական որոշում, իսկական քաղաքացու օր։
Փաստորեն քաղաքական որոշումների փիլիսոփայության մեջ բան չի փոխվել. նախարարից մինչեւ պահակ պետք է կուսակցական լինեն կամ գոնե կուսակցության «համակիրներ», կամ գոնե ինչ-որ մեկի «գանձը»։
Ես գիտեմ, որ շատերը կփորձեն հիմնավորել, որ քաղաքական պաշտոնների վերաբերյալ քաղաքական որոշումներ են ընդունվում: Բայց կադրային ռեսուրսների առանց այդ էլ սղության պայմաններում բարձր մասնագիտացում ունեցող մասնագետներից ազատվելը մեծագույն սխալ է. այսօրվա ԱԺ որակը դաս չէ՞, «Իմ քայլի» նորանշանակ պաշտոնյաները դաս չե՞ն։
Միակուսակցական այս ճահիճը ի վիճակի է խժռելու ցանկացած լավ գաղափար ու լավ անհատի։ Ներկա իշխանության ղեկավարները նախկիններին քննադատում ու մեղադրում էին նաեւ այս հարցում։
Ի՞նչ եք ուզում պրոֆեսինալներից. ՔՊ-ացո՞ւմ։
Ի՞նչ եք ուզում ոչ կուսակցական գործիչներից. ՔՊ-ացո՞ւմ։
Ի՞նչ եք ուզում երկրում առանց այն էլ սակավ պրոգերսիվ մարդկանցից եւ շրջանակներից. ՔՊ-ացո՞ւմ, ձեր անփոխարինելիության ընդունո՞ւմ։
Ակնհայտ է, որ սա բերելու է լուրջ խնդիրների։
«Ի՞նչ եք ուզում պրոֆեսինալներից. ՔՊ-ացո՞ւմ». Էլինար Վարդանյան





























