ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից առաջ լրագրողների ներկայությամբ կատակել է՝ ենթադրելով, որ նրանք 2 նախարարներից պար են սպասում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք ինչ-որ բանի՞ եք սպասում: Դուք ցանկանում եք, որ մենք շարժումնե՞ր կատարենք, պարե՞նք, թե՞ ինչ»,- ասել է Լավրովը:
Լավրովն Անթալիա է այցելելել մարտի 28-29-ին՝ մասնակցելու համար 2 երկրների ԱԳ նախարարների նախագահությամբ Ռազմավարական ծրագրավորման համատեղ խմբի 7-րդ նիստին: Խումբը գործում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների ղեկավարած Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի շրջանակում: Նախորդ՝ 6-րդ նիստը տեղի էր ունեցել 2018 թվականի մարտի 14-ին Մոսկվայում:
Հանդիպման արդյունքները
Հանդիպման արդյունքներով՝ Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են արագացնել Սիրիայի սահմանադրական կոմիտեի ստեղծումը:
«Մենք պայմանավորվել ենք արագացնել սահմանադրական կոմիտեի ստեղծումը՝ ՄԱԿ մեր գործընկերների հետ համագործակցությամբ եւ բնականաբար՝ Սիրիայի կառավարության ու ընդդիմության հետ շփումներով: Եվ վստահ ենք, որ նման սահմանադրական կոմիտեի ստեղծումը կօգնի վերջապես ստեղծել այն նույն ժնեւյան գործընթացը, որի մասին այդքան շատ են խոսում մեր արեւմտյան եւ այլ գործընկերները»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափը «այսօր սիրիական ճգնաժամի կարգավորման բազմաթիվ հարցերի լուծման միակ արդյունավետ ձեւաչափն է՝ ինչպես եւ ով էլ չի փորձել այս ձեւաչափին խանգարել»:





























