Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր՝ մարտի 29-ին, կառավարության հերթական նիստին ներկայացրեց ՀԴՄ-ների ներկրման, իրացման եւ դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերաբերյալ որոշման նախագծերը, որտեղ սահմանված են տեխնիկական սպասարկման կարգավորումները: Նա ընդգծեց, որ ըստ որոշման նախագծերից մեկի՝ «ՀԴՄ շահագործման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործունեությունը սահմանափակվելու է՝ զուտ անվճար հսկիչ դրամային մեքենաների սահմանամերձ բնակավայրերին տրամադրելով եւ անճար տեխնիկական սպասարկումը ապահովելով: Մեկ այլ նախագծով նախատեսվում է հանել ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների գնման, իրացման գործընթացին առնչվող կարգավորումները:

Այս դրույթներն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից: Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկում են վերանայել եւ ուժը կորցրած ճանաչել ՀԴՄ-ների մի շարք տեխնիկական պահանջներ, որոնք նոր սերնդի ՀԴՄ-ների դեպքում արդիական չեն: «Ըստ էության, մենք ազատականացնում ենք հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վաճառքի եւ տեխնիկական սպասարկումը, ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները կրճատում եւ արդիականացնում ենք եւ ամբողջությամբ ազատականացնում ենք ոլորտը»,-ասաց նա: Փոխվարչապետ Տիգրան Ավանյանը, արձագանքելով, ասաց, որ սա նաեւ այն ցավոտ հարցերի մեկն է եղել, որի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ այս թեմայի վերաբերյալ բողոքներ են ստացել: «Ես կարծում եմ, որ պետական մենաշնորհից հրաժարվելը եւ ՀԴՄ-ների շուկայի ազատականացումն իր դրական էֆեկտը պետք է բերի: Ճիշտ է, դա պետք է արվի փուլային, քանի որ որոշակի ռիսկեր կան, որոնք պետք է կառավարել, քանի որ, եթե ՀԴՄ-ն չի աշխատելու, մենք գնալու եւ տուգանելու ենք մարդկանց: Պետք է վերահսկելի լինեն եւ ազատականացումը սահուն լինի»,-ասաց նա: Ներկայացված բոլոր երեք նախագծերն էլ ընդունվեցին: