Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը համաձայնել էր մի քանի րոպե տրամադրել եւ քննարկել իմ առաջարկը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ պարզաբանելով, թե ինչ նպատակով էր Արարատ Միրզոյանն պատգամավորին իր մոտ հրավիրել։

«Ես էի երեկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին խնդրել ինձ ընդունել։ Նա այսօր հայտնեց, որ պատրաստ է մի քանի րոպեով քննարկել իմ առաջարկը, մասնավորապես այն, որ մեր խմբակցության կողմից առաջարկվող Աշխատանքային օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները երբեմն ոչ լիարժեք պատճառաբանված մերժվում են, ես դրանց պատճառների մեջ դեռեւս փորձում եմ օբյեկտիվը տեսնել, հետո նոր սուբյեկտիվը»,–նշեց նա։ 

Պատգամավորին մտահոգել էր այն հանգամանքը, որ «ավանդույթի ուժով Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները քննարկվում են Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, իսկ շատ ժամանակ էլ առանց հիմնավոր պատճառաբանությամբ մերժվում են». «Աշխատանքային օրենսդրության փոփոխություններն անկախ կոնկրետ նորմի բովանդակությունից կամ առաջարկվող փոփոխության բնույթից, մեխանիկորեն գնում են Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, որի ոչ բոլոր անդամներն են իրավաբան եւ խնդիրը իրավական մթնոլորտում չի քննարկվում։ Իմ առաջարկն էր, որ Աշխատանքային օրենսդրության այն փոփոխությունները, որոնք կապված են բացառապես իրավական պրոբլեմների հետ, դրանք գան Պետաիրավական հարցերի հանձնաժողով, որտեղ բոլորը իրավաբաններ են։ Այդ մթնոլորտում քննարկումն ավելի արգասաբեր կլինի»։

Պատգամավորը եւս մեկ անգամ ներկայացրեց նաեւ իր առաջարկը՝ համոզմունք հայտնելով, որ օրենսգրքում իր առաջարկի մասով բաց կա եւ առաջարկվող փոփոխությունն ուղղված չէ աշխատողի դեմ. «Ես առաջարկել էի, որ եթե աշխատողն առանց հարգելի պատճառի ամբողջ օրվա ընթացքում չի կատարում իր պարտականությունները կատարել, սա իրավաբանորեն նույնացվի այն վիճակին, որ աշխատողը չի ներկայացել աշխատանքի։ Գործող իրավակարգավորման համաձայն՝ մասնավորապես, Աշխատանքային օրենսգրքի 113–րդ հոդվածի 1–ին մասի 9-րդ կետը գործատուին իրավունք է տալիս մեկ օր առանց հարգելի պատճառի չներկայացած աշխատողից գրավոր բացատրություն պահանջել եւ որպես կարգապահական տույժ ազատել աշխատանքից։ Այս կարգապահական տույժը կա, հիմա մենք առաջարկում ենք՝ եթե աշխատողը ֆիզիկապես ներկայացել է, սակայն չի կատարել իր պարտականությունները, այս երկու վիճակները նույնացնել։ Փաստացի ի՞նչ տարբերություն՝ աշխատողը ֆիզիկապես չի ներկայացել, թե ներկայացել է, բայց չի կատարել իր պարտտականությունները»։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ կհաջողվի վերջնական համաձայնություն ձեռք կբերվի եւ այսուհետ իրավական բնույթ ունեցող առաջարկները կքննարկվեն Պետաիրավական հանձնաժողովում։

«Մենք պետք է վեր կանգնենք օրենսդրական բարեփոխումները քաղաքականացնելուց։ Պետությանը ավելի մեծ վնաս չի կարելի հասցնել, քան ամեն օրենսդրական փոփոխության մեջ քաղաքական շահ տեսնելն է։ Հակառակ դեպքում պետք է մեր երկիրը կառավարվի ոչ թե օրենքներով, այլ քաղաքական ճաշակով»,–եզրափակեց նա։