«Օպերի Արմենի» վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության հետեւից պետք է Ազգային անվտանգության ծառայությունը գնա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարությունից հետեւում է, որ անմիջականորեն պարոն Անանյանի գիտությամբ է այս ամենը տեղի ունեցել։ Հարցն այն է, թե ում է նա նշանակում այդ պաշտոնին։ Եթե պարոն Անանյանը ուզում է այս ամենի մասնակիցը դառնալ, ապա դա արդեն իր խնդիրն է»,–նշեց նա։
Պատգամավորը այս ամենում հովանավորչության տարրեր է տեսնում. «Եթե գնան միայն ՊԵԿ–ի տարածած հերքման հետեւից, ապա կարծում եմ, որ ԱԱԾ–ն շատ գործ ունի անելու»։
Սոֆյա Հովսեփյանը հավաստիացրեց՝ այն լիազորությունները, որ ինքն ունի որպես պատգամավոր, բոլորը օգտագործելու է՝ պարզելու համար «Օպերի Արմենի» հետ կապված այս ամբողջ պատմությունը. «Իմ խնդիրը ոչ թե անձերի մեջ է, այլ անձերի տարիներով ծավալած արատավոր գործունեության մեջ։ «Հարկայինի Արմենը», որը հայտնի է որպես հարկեր չվճարող, չի կարող դառնալ Արմեն, ով հարկեր է վճարում, հարկեր է հավաքում եւ երկիր է զարգացնում։ Ես այդ վստահությունը չունեմ։ Ես հետամուտ եմ լինելու պարզելու, թե 2017 թվականին այդ պաշտոնից նրան հանելու հետ կապված ինչ պատմություններ կան Շիրակի մարզում»,–եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հակոբյանը հայտարարել էր, որ ՊԵԿ–ում շարունակում են ծանոթով ու բարեկամով աշխատանքի տեղավորվել. «Արմեն Հակոբյանին Շիրակի մարզում ճանաչում են որպես «օպերի Արմեն», նա եղել է Հարկայինի նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, եւ նրան ճանաչում են որպես հարկերից խուսափող Հարկայինի աշխատող։ Այս մարդն այսօր նորից Շիրակի մարզում նշանակվել է օպերի պետ, ընդ որում նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի համակուրսեցին է։ Մեր դիմումատուների դիմումների հիման վրա դիմել եմ ՊԵԿ-ին՝ պարզաբանում ստանալու, որի պատասխանը եղել է հերթական «լոլոներից», որ ընթացակարգով է եղել»։
Ի պատասխան ՊԵԿ–ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «ԱԺ պատգամավորի հայտարարությունը, թե «Օպերի Արմեն կոչվածը» (պատգամավորն այսպես է անվանում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության թիվ 4-րդ բաժնի պետ Արմեն Հակոբյանին) Շիրակի մարզում նշանակումներ է անում ոչ թե մրցույթներում հաղթած անձանց, այլ իր ծանոթներին, բարեկամներին կամ վստահելիներին` մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Դավիթ Անանյանը եւ Արմեն Հակոբյանը համակուրսեցիներ են, բայց ի տարբերություն Դավիթ Անանյանի, որը ՊԵԿ-ում աշխատանքի է անցել 2018-ի մայիսից, Արմեն Հակոբյանը համակարգում աշխատել է 1994թ.-ից մինչեւ 2017-ը եւ համակարգ է վերադարձել հենց Դավիթ Անանյանի առաջարկությամբ` ցանկանալով իր մասնակցությունն ունենալ երկրում իրականացվող բարեփոխումներին եւ հավատալով հաստատված նոր իրողություններին: Նշենք, որ ՊԵԿ–ում աշխատած տարիներին Հակոբյանն իրեն դրսեւորել է որպես հմուտ, արհեստավարժ եւ գործիմաց մասնագետ»:





























