ԱՄՆ-ը եւ Չինաստանն առաջընթաց են գրանցել առեւտրային բանակցությունների հերթական փուլում, որը կայացել է Պեկինում: Այդ մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քուդլոուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դեռեւս վստահաբար առաջ ենք ընթանում, այդ թվում՝ նաեւ այս բանակցությունների շրջանակներում»,-ընդգծել է նա:

Ուրբաթ ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը տեղեկացրել էր, որ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լյու Խեն, ինչպես նաեւ առեւտրային բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը քննարկել են համաձայնագրի տեքստն ու գրանցել առաջընթաց»:

Հաջորդ փուլի համար չինական պատվիրակությունը Լյու Խեի գլխավորությամբ կմեկնի Վաշինգտոն ապրիլի 3-ին:

2018 թվականի սկզբում ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդներն Արգենտինայում հանդիպման ժամանակ պայմանավորվել էին երեք ամիսների ընթացքում քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ առեւտրային համաձայնագիր կնքելու նպատակով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ համաձայն է հունվարի 1-ից չբարձրացնել չինական արտադրանքի սակագները 10 տոկոսից 25 տոկոս՝ 200 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, ինչպես նախատեսում էր նախկինում: Առեւտրային գործարքի ժամկետը սպառվել է մարտի 1-ին, սակայն Թրամփը պատրաստակամություն է հայտնել չբարձրացնել հարկերը, քանի դեռ բանակցություններն ունեն բարեհաջող արդյունքներ եւ ընթանում են Վաշինգտոնի համար ճիշտ ուղղությամբ: