Վերջին 3 օրերին հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնի արդյունքում բոլոր մարզերում դիտվել են առատ տեղումներ: Այս մասին Favebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Տեղումների քանակը մարտի 31-ի դրությամբ հանրապետությունում հիմնականում կազմում է ամսական նորմայի 110-150 տոկոսը։
Ձյան ծածկի առավելոգույն բարձրությունը Արագած բարձր լեռնային օդերեւութաբանական կայանում կազմում է 256սմ, Որոտանի լեռնանցքում 102սմ, Ամբերդում 95սմ, լեռնային մարզերում հիմնականում 20-50սմ։
Սա այն դեպքում, երբ անցած տարի այս օրերին լեռնային բոլոր մարզերում ձյան ծածկը բացակայել է, իսկ բարձր լեռնային հատվածներում ձյան ծածկը եղել է կրկնակի կամ եռակի պակաս։
Առաջիկա 5 օրերի ընթացքում ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում պահպանվելու է, սակայն այն տարբերությամբ, որ այն կունենա ակտիվացման եւ թուլացման փուլեր։
Ցիկլոնի ակտիվ կլինի հատկապես ապրիլի 3-ին երբ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ուժեղ։ Ապրիլի 1-2-ին, 4-6-ին տեղումները կլինեն համեմատաբար ավելի կարճատեւ բնույթի, այսինքն ցերեկային ժամերին ժամանակ առ ժամանակ կլինի նաեւ արեւի առկայություն։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա մոտ 5-6 աստիճանով։
Գյուղատնտեսներին հիշեցնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում»։





























