Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը որեւէ բեկում չի գրանցվել: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ հայաստան» կուսակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ սպասվում էր, որ առաջին պաշտոնական բանակցությունների ժամանակ առաջարկներ եւ կարծիքներ կհնչեին Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին: «Սակայն հրապարակված հաղորդագրություններից հստակ է, որ այս կապակցությամբ ոչ մի առաջարկ այդպես էլ չի արվել»,- նշեց Տոնոյանը:
Ընդ որում՝ նա շեշտեց, որ նախկինի պես հասկանալի չէ, թե պետությունների ղեկավարները ամբողջ 3,5 ժամ տեւած այդ հանդիպման ժամանակ ինչի մասին են խոսել: Միաժամանակ, պատգամավորի խոսքով, դրան հետեւած Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այն մասին, որ բանակցային գործընթացի ձեւաչափը փոփոխությունների չի ենթարկվի, փաստացի նշանակում է, որ բանակցային սեղան Ղարաբաղի վերադարձի հարցը կա՛մ հանդիպման ժամանակ քննարկվել եւ բացասական պատասխան է ստացել, կա՛մ Ալիեւը փորձում է կանխել հետագայում դրա քննարկումը:





























