Մայրաքաղաքում առեւտրի շրջիկ կետերի ոլորտը կարգավորելու համար Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր Երեւանում կան ավտոմեքենաներ, որոնցից վաճառվում է սուրճ, սնունդ, հուշանվերներ, սակայն ՀՀ-ում ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ:
«Օրենքում կա բաց, չկա մեզ վերահսկող եւ թույլտվություններ տվող մարմինը»,- նշում է տնտեսվարողներից Հրաչ Դավթյանը:
Թեեւ «Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առեւտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաեւ իրավական այլ կարգավորումներ: Օրենսդրական բացը լրացնելու եւ խնդիրը կարգավորելու համար Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխություններով:
«Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առեւտրի կետերով իրականացվող առեւտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաեւ կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը», - նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:
«Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները եւ գոտիավորումը, ինչպես նաեւ ժամերը եւ օրերը: Նաեւ քննարկում ենք ավագանիների հետ, որ տոն օրերին լինեն ավելի շատ հնարավորություններ՝ զբաղվելու շրջիկ առեւտրով»,-ընդգծում է քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Այսօր ավագանու անդամներն ակտիվ քննարկումներ են անցկացնում նաեւ տնտեսվարողների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկները: Նուարդ Վարդանյանը նշում է՝ առեւտրի նման ձեւին կողմ է, բայց մինչեւ օրենքը չլինի, իրենք հորդորում են չզբաղվել շրջիկ առեւտրով, որը քաղաքի ու բնակիչների համար ստեղծում է մի շարք խնդիրներ: Հնամաշ, ինքնաշեն, բազմերանգ մեքենաներ ու տաղավարներ՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում եւ քաղաքի կենտրոնական այլ հատվածներում:
«Եվ մեր խմբակցությունը, եւ պարոն Խաժակյանը, գտնում ենք, որ պետք է նաեւ արտաքին տեսքի համար որոշակի չափորոշիչներ լինեն, որի սահմանում տնտեսվարողները կկարողանան իրենց գործունեությունը ծավալել»,-նշում է Երեւանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը:
Տնտեսվարողները, չնայած կատարված ծախսերին, պատրաստ են հավելյալ ներդրումներ անել եւ փոփոխություններ մտցնել, որ գործունեությունը համապատասխանի օրենքին:
Շրջիկ առեւտրի ոլորտում մեր նկարահանումների ընթացքում արձանագրեցինք մի շարք այլ խնդիրներ եւս: Առաջինը շրջելու եւ առհասարակ տեղից շարժվելու հնարավորություն չունեցող տաղավարներն են: Մինչդեռ իրենք տնտեսվարողներն իրենց բիզնեսը վերագրում են հենց շրջիկ առեւտրին:
Գործող եւ չգործող մեքենաներն ու տաղավարները 24 ժամ կայանած են կարմիր գծերով ավտոկայանտեղիներում կամ այլ տնտեսվարողների՝ իրենց հաճախորդների համար վճարած կայատեղիներում: Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում նաեւ փողոցների մաքրման եւ աղբահանության համար: Տնտեսվարողների մի մասն աղբն իր ուժերով տեղափոխում է, ոմանք օգտագործում են քաղաքային աղբամանները, որոշ դեպքերում էլ աղբը կուտակվում է հենց մեքենաների կողքին:
«Մի այլ խնդիր է էլեկտրանակն հոսանքը, որը քաշել են հենասյուներից եւ հարակից տնտեսվարողներից, այն չի համապատասխանում անվտանգության տեխնիկական չափորոշիչներին: Կան տնտեսվարողներ, որոնք ասում են, որ պայմանագրեր են կնքել ՀԷՑ-ի հետ: Այդ դեպքում անհասկանալի է, ինչպես է շրջիկ մեքենան, որ ենթադրում է, թե պետք է շրջի կամ ցանկացած պահի անհրաժեշտ լինի տարածքը շտապ ազատել, ինչպես է պահպանվելու անվտանգությունը, ի՞նչ են անելու այդ լարերը»,-նշում է Սերգեյ Հարությունյանը::
Տեխնիկական խնդիրներից բացի կա եւս մեկ այլ՝ սննդի անվտանգությանն առնչվող լրջագույն խնդիր: Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար շրջում եւ զգուշացնում են տնտեսվարողներին:
«Հանրային սննդի կազմակերպման եւ իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առեւտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Շրջիկ առեւտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ:
«Մեզ հաճախ ասում են՝ ահագին գումարներ ենք դրել գործի մեջ, ինչ անենք: Մեր պատասխանն է՝ սպասել օրենքի կարգավորումներին: Քաղաքային իշխանության նպատակն է համայնքի շահերը պաշտպանելը եւ ստեղծել անվտանգ եւ հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:





























