Ժամանակն է, որ փորձագետները եւ պատմաբանները իրենց ուշադրությունը դարձնեն երրորդ հանրապետության վերջերս տեղի ունեցած պատմությանը՝ սկսած 1990-ականներից: Ապրիլի 2-ին «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ» հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ հկ ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

Ընդ որում նա նշեց, որ ժամանակի ընթացքում շատ բան մոռացվում է:

«Իսկ պետության համար շատ կարեւոր է, որ այս ամենը արձանագրվի: Այսինքն, մենք պետք է հնարավորություն ունենանք տարբեր ռակուրսներից եւ տարբեր տեսակետներից վերլուծել մեր պատմությունը», - ասաց Բարսեղյանը:

Սակայն  հկ ղեկավարի խոսքով, գրեթե 30 տարիների ընթացքում դա չի արվում, ինչը կարող է որոշակի սպառնալիքներ պարունակել իր մեջ: «Մենք կարող ենք կրկնել նույն սխալները, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մենք սովորություն չունենք ուրիշների սխալներից սովորել: Դա պետք է ուղղվի», - համոզված է նա:

Նա ընդգծեց, որ Հայաստանում ապաժողովրդավարացման գործընթացը սկսվել է հենց անցյալ դարի 90-ականներին, երբ երկիրը հայտնվել էր ծանր աշխարհաքաղաքական, էներգետիկ եւ ֆինանսական-տնտեսական վիճակում: