Հայաստանի նախորդ իշխանությունները լավ գիտեին, որ պետությունն իրենցով անելու համար չափազանց կարեւոր է վերահսկողությունը զանգվածային լրատվամիջոցների հանդեպ։ Այս մասին ապրիլի 2-ին Երեւանում կայացած «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ» թեմայով բանավեճում ասել է Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանը։
Բացի այդ, նրա խոսքով՝ պակաս կարեւոր չէ Հայաստանի նախորդ քաղաքական համակարգի, առհասարակ էլիտայի համար ընտրական համակարգի յուրացումը, որը դրսեւորվում էր մասշտաբային կեղծարարություններով երկրում ընթացող ընտրությունների ընթացքում։ «Հասկանալի է, որ եթե նրանք իրենցով էին արել ընտրական համակարգը, ուրեմն իշխանությունը նույնպես նրանց ձեռքում էր հայտնվում»,- պարզաբանել է Բարսեղյանը։
Ընդ որում՝ նա նշել է, որ երկրում քաղաքական կուսակցությունների շերտատումն ու դերի թուլացումը նույնպես նպաստել են նրանց ազդեցության ուժեղացմանը քաղաքական դաշտում, իշխանության ամրապնդմանը, դրա կենտրոնացմանը քաղաքական էլիտայի նեղ խմբի ձեռքում։ «Նրանք իրենցով էին արել անգամ մշակութային բաղադրիչը։ Այսինքն՝ նրանք իրենցով էին արել ոչ միայն իշխանությունը, այլեւ ամբողջ երկիրն ընդհանրապես»,- ասել է ՀԿ նախագահը։





























