Կահիրեից ոչ հեռու հնագույն դամբարանում պեղումները մի քանի զարմանալի գտածո են ի հայտ բերել՝ եգիպտացի հնագետներն այստեղ գտել են կրաքարից «անտրոպոիդային» սարկոֆագ, դրա մեջ երկու մումիա, ինչպես նաեւ աստվածությունների մի քանի արձանիկներ եւ ոսկե զարդեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությանը:

«Դրանից բացի, մեզ հաջողվել է գտնել եւս մեկ մումիա, որը ծածկված էր ոսկու նրբաթերթի շերտով: Այն չափազանց վատ վիճակում է, եւ հիմա թե՛ սարկոֆագը, թե՛ հին եգիպտացիների մարմինները հանձնել են վերականգնելու եւ հետագա քայքայումից պահպանելու համար»,- հայտարարել է պեղումների ղեկավար եւ հնությունների հարցերով Բարձրագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ Վազիրին:

Այս գտածոները կատարվել են հնագույն դամբարանում, որը հայտնաբերվել է Կահիրեից 100 կմ հյուսիս կրաքարի հանքավայրի շրջակայքում:

Հնագետները երկար ժամանակ կարծում էին, որ հին եգիպտական պատմության այս հուշարձանը համեմատաբար ժամանակակից պատմական դարաշրջաններին է դասվում եւ Ուշ շրջանի ժամանակների ու Եգիպտոսում Պտղոմեոսների տիրակալման դարաշրջանի մարդկանց մասունքներ ու նյութական արժեքներ է պարունակում: