Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում գրավատների եւ փոխանակման կետերի տուրքը կտրուկ բարձրացնելու վերաբերյալ դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է: ԱԺ տնտեսական հարցեր հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ դրույթը որեւէ փոփոխություն չի կրել, միայն ուժի մեջ մտնելու ժամկետն է փոխվել. Այդ դրույթն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:
Նշենք, որ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են գրավատների եւ փոխանակման կետերի սեփականատերերի հետ, որոնք բողոքում են տուրքի կտրուկ բարձրացման դեմ, սակայն որեւէ զիջում չի արվել դրույքի մասով:
Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց ԱԺ-ի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020թ-ի հունվարի 1-ից միայն:
Հատկանական է, որ կառավարությունը քայլ-քայլ նահանջում է Հարկային օրենսգրքի նախագծում ամրագրած իր առաջարկներից: Մասնավորապես, կառավարությունը հանրային բողոքի ազդեցությամբ հրաժարվեց փաստաբաններին, հաշվապահներին ավելացված արժեքի դաշտ տեղափոխելու մտքից: Բացի այդ, կառավարությունը հրաժարվեց գազավորված ըմպելիքների ակցիզային հարկ սահմանելու մտադրությունից, ու դա եւս եղավ բողոքի ակցիաների արդյունքում: Հիմա թեկուզ փոքր, բայց նահանջ է կատարում նաեւ գրավատների ու փոխանակման կետերի պետտուրքի մասով:
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ: Այս դրույթներն առաջացրել էին ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը, որոնք արդեն շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության դիմաց:





























