ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր՝ ապրիլի 2-ին հյուրընկալվել են տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ուկնդիրները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Քոլեջի ուսանողների այցը կրում է գիտաարտադրական պրակտիկայի բնույթ և միտված է թեմատիկ մագիստրոսական հետազոտության շրջանակներում Հարավային Կովկասում անվտանգային խնդիրներին ծանոթանալուն:
Քոլեջի ունկնդիրների հետ հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները:































