ԱՄՆ-ն բարձրաստիճան պաշտոնյաների չի ուղարկի մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական երկրորդ գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը՝ հղում կատարելով այս նախաձեռնության ֆինանսավորման պրակտիկայի առումով մտահոգությանը, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ Պեկինը հայտարարել էր, որ գագաթնաժողովին կմասնակցեն գրեթե 40 արտասահմանցի առաջնորդներ:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2017 թվականին, որին մասնակցել է Սպիտակ տան Ասիայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Մեթ Փոթինգերը:

Այս տարի նման ծրագրեր չկան:

«Մենք Միացյալ Նահանգներից բարձրաստիճան պաշտոնյաների չենք ուղարկի»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն՝ ի պատասխան Reuters գործակալության հարցին:

«Մենք այսուհետեւ եւս մտահոգություն կհայտնենք ֆինանսավորման ոչ թափանցիկ մեթոդների, վատ կառավարման եւ միջազգայնորեն ընդունված նորմերի ու ստանդարտների անտեսման կապակցությամբ, որոնց վրա հենվում ենք կայուն, ինկլյուզիվ զարգացմանը եւ կայունության աջակցությանը նպաստելիս: Մենք քանիցս Չինաստանին կոչ ենք արել լուծել այս խնդիրները»,- հավելել է Պալադինոն:

Գործակալության աղբյուրի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնը դիտարկում է ԱՄՆ դեսպանատնից ավելի ցածր աստիճանի պաշտոնյա ուղարկելու հնարավորությունը, բայց ոչ թե մասնակցելու, այլ դիտելու համար, չնայած դեռեւս վերջնական որոշում չի ընդունվել: