Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ գազի շուկայի վրա տարածվող թարմացված դիրեկտիվը (Եվրամիության օրենք) այն խողովակատարների վերաբերյալ, որոնք անցկացվել են այդ թվում եւ Nord Stream 2 («Հյուսիսային հոսք 2») միության մեջ չմտնող երկրներով, որը պետք է ձգվի Ռուսաստանից մինչեւ Գերմանիա, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
«Դա մոնոպոլիայի դարաշրջանի ավարտն է եվրոպական գազի շուկայում, մոնոպոլիա, որը կամ սպառնում է բարձր գներով, կամ պարզապես ծորակը փակելով»,- ընդգծել է զեկուցողը՝ ԵԽ արդյունաբերության, հետազոտությունների եւ էներգետիկայի կոմիտեի նախագահ Եժի Բուզեկը նախօրեին Բրյուսելում լիագումար նիստի ժամանակ տեղի ունեցած բանակռիվների ժամանակ։
Խողովակաշարերի մի մասը, որոնք անցնում են երրորդ երկրներով, ներառյալ ԵՄ տարածքով ու տարածքային ջրերով, պետք է համապատասխանեն այն պահանջներին, որոնք կիրառվում են ԵՄ ներքին խողովակաշարերի համար։
Գլխավոր պահանջների մեջ են գազի մատակարար ընկերությունների եւ այն տեղափոխող ընկերությունների բաժանումը, խողովակաշարին այլ օպերատորների հասանելիությունը, սակագների թափանցիկ կարգավորումը։ Դա նշանակում է, որ «Հյուսիսային հոսք 2» օպերատոր ընկերությունը պետք է անկախ լինի «Գազպրոմից», իսկ 50 տոկոս թողունակային հզորությունը պետք է պահուստավորվի այլընտրանքային մատակարարների համար։ Բացառություններ հնարավոր են, բայց միայն Եվրահանձնաժողովի հավանությամբ։
«Չափազանց հաճախ են գազի մատակարարումներն օգտագործվել որպես քաղաքական զենք,- ասել է Բուզեկը։- Մենք չենք կարող «զինաթափել» ուրիշների անմաքուր մտահղացումները, բայց կարող ենք զինվել գործող օրենսդրության լիակատար իրավաբանական պարզությամբ եւ հետեւողականությամբ։ Հենց սա է մեր Էներգետիկ միության ու թարմացված դիրեկտիվի նշանակությունը»։
ԵՄ-ում բնական գազը հիմնականում օգտագործվում է տների ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի ստացման համար։ Դրանով է ապահովվում ընդհանուր էներգասպառման չորրորդ մասը։ ԵՄ շատ երկրներ կախված են գազի ներմուծումից։ Դրա ավելի քան 70 տոկոսը ներմուծվում է, եւ սպասվում է ներմուծման հետագա աճ, ասվում է Եվրախորհրդարանի տեղեկանքում։
2018 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով՝ ԵՄ-ին գազի գլխավոր մատակարարը Ռուսաստանն էր (47 տոկոս), նրան հաջորդում էին Նորվեգիան (34 տոկոս), Ալժիրը եւ Լիբիան (միասին՝ 8,6 տոկոս)։ Ռուսական գազի մատակարարումների հիմնական երթուղին անցնում էր Ուկրաինայով (ողջ ծավալի գրեթե կեսը), հետո անցնում էին Յամալի խողովակաշարերը Բելառուսով (մոտ 20 տոկոս) եւ Nord Stream 1-ը («Հյուսիսային հոսք 1», 30 տոկոս)։ ԵՄ մատակարարվող գազի 89 տոկոսը ներմուծվում է խողովակներով, մնացածը՝ լցանավերով։
Եվրախորհրդարանում քվեարկությունից հետո դիրեկտիվը պետք է արժանանա ԵՄ Խորհրդի հավանությանը եւ ուժի մեջ մտնի Եվրամիության «Պաշտոնական ամսագրում հրապարակումից 20 օր հետո։




























