«Ականներից ազատ Հարավային Կովկաս» կարգախոսով ընդհանուր տարածաշրջանային տեղեկատվական արշավի շրջանակներում Հարավային Կովկասում առաջին անգամ նշվում է Ականային վտանգի իրազեկման մասին միջազգային օրը:
Արշավը կանցկացվի Հարավային Կովկասի երկրներում, արշավի շրջանակում բնակչության շրջանում կտարածվեն հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն նյութեր: Մոնիթորինգը վկայում է, որ 30 տարվա ընթացքում ականները սպանել կամ հաշմանադամ են դարձրել ավելի քան 5 հազար մարդու, որոնց 87 տոկոսը քաղաքացիական բնակչություն է, այդ թվում` երեխաներ:
Երեւանում հումանիտար ականազերծման եւ փորձաքննությունների կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառմանը Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի խորհրդական Կարին Մարմսոլերը նշեց, որ այս օրը նշվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղում: Նա ընդգծեց, որ սա շատ կարեւոր իրադարձություն է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում:
«Հակահետեւակային ականները մեծ վտանգ են ներկայացնում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար», - ասաց ԵՄ ներկայացուցիչը:
Նա նշեց, որ ԵՄ-ն 26 երկրներում աջակցում է հումանիտար ականզերծմանը:
«Հարավային Կովկասի երկրները դեռ Օտտավայի կոնվենցիայի անդամներ չեն, բայց հուսով եմ, որ իրավիճակը կփոխվի», - նշեց նա:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպն իր հերթին նշեց, որ բացի մարդկային զոհերից, ականները նաեւ վտնագ են ներկայացնում երկրի ընդհանուր զարգացման համար:
«Ականները վնաս են հասցնում շրջակա միջավայրին, դանդաղեցնում են տնտեսության զարգացումը», - նշեց նա՝ ընդգծելով հետագայում հումանիտար ականազերծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցելու պատրաստակամության մասին:
Բնակչության համար նախատեսված տեղեկատվական թերթիկները նպատակ ունեն սովորեցնել, թե ինչպես վարվել ականային վտանգի դեպքում՝ խուճապի չմատնվել, մնալ տեղում, փորձել չշարժվել, փորձել օգնության կանել, թույլ չտալ ոչ մասնագետներին օգնություն ցույց տալ, սպասել մասնագետի օգնությանը, իսկ եթե օգնությունն ուշանում է, վերադառնալ սեփական հետքերով: Միաժամանակ փորձել հիշել այն տեղը, որտեղ ական է հայտնաբերվել, որպեսզի հետո այն ցույց տալ մասնագետներին:
Ական հայտնաբերելու դեպքում զանգահարել թեժ գիծ՝ 0 8000 9000, կամ դիմել ոստիկանությանը կամ ԱԻՆ:





























