Չինաստանը եւ ԱՄՆ-ն առեւտրային համաձայնագրի տեքստի վերաբերյալ նոր կոնսենսուսի են հասել: Այս մասին հայտարարել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Խեն,  հաղորդում է Xinhua-ն:

Չինաստանի փոխվարչապետը գլխավորում է պատվիրակությունը, որը բանակցում է Վաշինգտոնում: Նախօրեին Լյու Խեն Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպին փոխվարչապետի միջոցով Թրամփին փոխանցված նամակում նշել է, որ կողմերը նոր եւ զգալի առաջընթացի են հասել առեւտրի առանցքային հարցերում: Նա հույս է հայտնել, որ երկու կողմերը կշարունակեն համատեղ աշխատանքը` առեւտրային տեքստի վերաբերյալ  բանակցությունները հնարավորինս շուտ ավարտելու համար:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ առաջիկա չորս շաբաթվա ընթացքում պարզ կդառնա՝ կարող են արդյոք երկու երկրները համաձայնության գալ: «Մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, բայց ոչ շատ երկար», - ասել է Թրամփը:

Չորեքշաբթի ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանակցողները սկսել էին բանակցությունների իններորդ փուլը ԱՄՆ մեղադրանքների կապակցությամբ այն մասին, որ Պեկինը ԱՄՆ-ի տեխնոլոգիական գերակայության դեմ պայքարում գիշատիչային մարտավարություն է կիրառում: Չինաստանը հերքել է այդ մեղադրանքները: Այս մարտավարությունն, ըստ ԱՄՆ-ի, ներառում է կիբեր-գողություն եւ ամերիկյան ընկերություններին հարկադրում է  կոմերցիոն գաղտնիքներ փոխանցել չինական շուկա մուտք գործելու համար:

Երկու երկրները զգալի առաջընթաց են արձանագրել տարաձայնություններ ունեցող հարցերի շուրջ: Օրինակ, անցյալ ամիս Չինաստանն ընդունել էր օրենք, որը մեղմացնում է օտարերկրյա ներդրումների սահմանափակումները եւ ուղղված է նրան, որ չինացի պաշտոնյաները արտասահմանյան ընկերություններին չստիպեն տեխնոլոգիաներ փոխանցել:

Սպասվում է նաեւ, որ Պեկինը կհամաձայնի կտրուկ ավելացնել Միացյալ Նահանգներից ապրանքների գնումները, ինչը կանդրադառնա ԱՄՆ-ի հետ Չինաստանի առեւտրային դեֆիցիտի վրա, որն անցյալ տարի հասել է ռեկորդային 379 միլիարդ դոլարի: