Սաուդյան Արաբիան սպառնում է հրաժարվել դոլարից նավթ գնելիս, եթե Վաշինգտոնն ընդունի NOPEC օրինագիծը, որը թույլ կտա հակամենաշնորհային հայցեր ներկայացնել ԱՄՆ դատարաններ ՕՊԵԿ անդամների դեմ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սաուդյան Արաբիայի էներգետիկ քաղաքականությանը ծանոթ երեք աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ այս տարբերակը քննարկվել է սաուդցի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ ՕՊԵԿ անդամների հետ վերջին ամիսներին, բացի այդ, Էր Ռիադը սպառնալիքի մասին տեղեկացրել է նաեւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։
Օրինագծի, որը հայտնի է որպես NOPEC, ընդունման շանսերը մեծ չեն, բայց փաստը, որ Էր Ռիադը դիտարկում է նման վճռական քայլը, թագավորության դժգոհության արտահայտությունն է ՕՊԵԿ-ի դեմ ԱՄՆ պոտենցիալ իրավական մարտահրավերների առումով։
Պակաս հավանական սցենարի պարագայում, եթե Էր Ռիադը հրաժարվի դոլարից, դա կսասանի համաշխարհային պահուստային հիմնական արժույթի նրա կարգավիճակը, կնվազեցնի Վաշինգտոնի ազդեցությունը համաշխարհային առեւտրի վրա եւ կթուլացնի ազգային պետությունների դեմ նրա պատժամիջոցների կիրառման կարողությունը։
«Սաուդցիներն ասում են. թող ամերիկացիներն ընդունեն NOPEC-ը, եւ ԱՄՆ տնտեսությունը կքայքայվի»,- նշում է աղբյուրը։
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը չի պատասխանել մեկնաբանությունների մասին հարցապնդմանը։ Էներգետիկայի նախարար Ռիք Փերին ասել է, որ NOPEC-ը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։
Սաուդյան Արաբիան վերահսկում է նավթի համաշխարհային արդյունահանման տասներորդ մասը, մոտավորապես հավասար նրա հիմնական մրցակիցներին՝ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին։ Saudi Aramco ընկերությունն աշխարհում նավթի խոշորագույն արտահանողն է, որի վաճառքի ծավալներն անցած տարի կազմել են 356 մլրդ դոլար։




























