Արեւմտյան Բալկանների ինտեգրումը Եվրամիությանը վճռական նշանակություն ունի ԵՄ-ի համար, որպեսզի պաշտպանի իրեն տարածաշրջանում Ռուսաստանի ու Չինաստանի աճող քաղաքական եւ տնտեսական ազդեցությունից։ Այս մասին Associated Press-ին ասել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ից Բրիտանիայի քաոսային դուրս գալը եւ այլ ճգնաժամերը, հավանաբար, թուլացրել են Բրյուսելի խանդավառությունը նոր անդամների ընդունման գործում, բայց Եվրոպան չպետք է ռազմավարական տարածաշրջանը հանձնի այլ գլոբալ խաղացողների։ «Հարցն այն չէ, թե արդյոք Ռուսաստանը, Չինաստանը կամ մի երրորդ երկիր ունեն իրենց շահերը Բալկաններում։ Հարցն այն է, թե ինչու է Եվրոպան այդ տարածաշրջանը հանձնելու էլի ինչ-որ մեկին»,- նշել է նա։

Չեռնոգորիան ԵՄ անդամակցության թեկնածու է։ Այն ԵՄ մտնելու պաշտոնական կարգավիճակն ստացել է 2010 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր երկիրն իր օրենսդրությունը համապատասխանեցնում է Եվրամիության պահանջներին։

Անցած տարվա փետրվարին հրապարակված ԵՄ ռազմավարությունում նշվում էր, որ Չեռնոգորիան Սերբիայի հետ մասին ֆավորիտներ են, որոնք կարող են «պոտենցիալ առումով պատրաստ լինել» ԵՄ մտնելուն 2025-ին։